Կրակոցներ՝ Երևանում․ դեպքի վայրում գտել են 10-ից ավելի պարկուճ, իրավապահները փնտրում են հեղինակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

11

Դեկտեմբերի 11-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը:  

Ըստ աղբյուրի՝ պարեկները դեպքի վայրը սահմանազատել են, և այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։ 

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի երկու հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունն ու հանցագործության գործիք՝ ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխվե՞լ է, թե՞՝ ոչ։ 

--00—ԼՄ