Արցախի փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում՝ անհետացած Օլգա Սանիկովային գտնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

280387752_373860791426762_1506631094332924112_n.jpg

Մայիսի 11-ին՝ ժամը 10:50-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում) որոնելու նպատակով:

Հասնելով դեպքի վայր՝ խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվ կերպով մասնակցել են նաև ոստիկանության ծառայողները:

Որոնողական աշխատանքների ընթացքին և անձնակազմի գործողություններին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ծառայության տնօրենը ենթակա անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

Նույն օրը՝ ժամը 15:20-ին, նշված տարածք են մեկնել նաև ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ովքեր առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաև անօդաչու թռչող սարք:

Ցավոք, որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

--00--ՀԶ