Դիպուկահարի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՈՒՆԻՍԻ 9, 24News   

Դավիթ Վարդանյան հետմահու պարգևատրում

ՀՀ վարչապետի միջնորդությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված ժամկետային պարտադիր զինծառայող Դավիթ Վարդանյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։

Այս մասին այտնում են նախագահի մամուլի ծառայությունից:



«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.



Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,-ասված է համապատասխան հրամանագրում։

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել։

--00--ԱԱ