ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե ֆակտո իշխանության «խաղաղության օրակարգին»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

․

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների վերաբերմունքին՝ ՀՀ գործող իշխանությունների հռչակած «խաղաղության օրակարգի» նկատմամբ։

«Ձեռքիս տակ եղած հանրային կարծիքի թարմ հարցումները դարձյալ ապացուցում են, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը չի սատարում ՀՀ դե ֆակտո իշխանության վարած «խաղաղության օրակարգին»՝ Թուրքիայի հետ։

«Ի՞նչ կարծիք ունեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ» հարցին մեր երկրի բնակչության մեծամասնությունը՝ (շուրջ 60%-ը) պատասխանել է, որ ունի բացասական կարծիք, այսինքն՝ դեմ է այդ փաստացի կապիտուլյացիոն գործընթացին։ Միանշանակ դրական է տրամադրված ընդամենը 7%-ը, ինչն էլ իր հերթին հետևողական քարոզի արդյունք է, որը վարվում է օրնիբուն՝ պետական և իշխանական ռեսուրսներով։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր հանրությունը գիտի առկա խնդիրները, սակայն չի ստանում անհրաժեշտ ազդակներ՝ դիմադրելու համար։ Իսկ ազգային ուժերը պետք է բավականաչափ խոհեմություն և ջանք գործադրեն առկա դիմադրական պոտենցիալը ճիշտ օգտագործելու և ազգային օրակարգ հաստատելու համար։ Վերջիններիս կողմից բոլոր մեղադրանքներն ու պիտակավորումները մեր երկրի բնակչության հանդեպ ոչ միայն անարդյունավետ են, այլև սխալ ու դատապարտելի ազգային խնդիրների լուծման առումով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Վարուժան Գեղամյանը։

--00--ԱՀ