24/7 ռեժիմով թարգմանչական ծառայություն՝ օտարազգի դատապարտյալների համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել արդյունավետ շփումն անազատության մեջ պահվող անձանց հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Շփման հնարավորությունը մեծացնելու նպատակով՝ փորձ է կատարվել ապահովել տվյալ լեզվին տիրապետող, անազատության մեջ գտնվող այլ անձանց կամ աշխատակիցների ներգրավումը:

Արդյունքում՝ չի ապահովվել պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով հաղորդակցություն, տուժել են անազատության մեջ գտնվող անձինք, առավելագույնս չի ապահովվել  նրանց հետ արդյունավետ շփումը, վերջիններս ավելի քիչ են ներգրավված եղել վերասոցիալականացման միջոցառումներին:
Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, ում հետ կնքվել է պայմանագիր:

Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում:

Նախաձեռնության արդյունքում այսուհետ կլուծվի անազատության մեջ պահվող, հայերենին չտիրապետող անձանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև հաղորդակցության առկա բարդությունները, ինչպես նաև կստեղծվի առավել բարենպաստ միջավայր՝ անձանց իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։

--00—ՅՄ