Բելգրադում ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները թեժ են անցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

․

Դեկտեմբերի 7-8-ը Բելգրադում կայացած Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ամբողջ կազմով:

ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգը բավականին հագեցած էր, թեժ, եւ ինչպես սովորաբար լինում է նման նիստերի ժամանակ, այս անգամ նույնպես կիսասկանդալային ու լարված իրավիճակներից խուսափել չհաջողվեց: Գլխավոր ինտրիգը ռուս-ուկրաինական հակամարտության թեման էր: Այս մասին դեկտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը:

Ըստ պատվիրակության ղեկավարի` ՍԾՏՀ ԽՎ նիստում պետք է հաստատվեին ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատները: Սակայն, 13 երկրների մեծ մասը դեմ է քվեարկել, եւ Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատները չեն հաստատվել: Քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարել է, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը եւ լքել է դահլիճը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ` բավականին լարված են ընթացել տնտեսական-սոցիալական բնույթի զեկույցների քննարկումները:

Լարվածությունը դարձյալ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Հակամարտության ազդեցությանը վերաբերող հատվածներում ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձեւակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձեւակերպմամբ:

«Մենք այդ առաջարկին ձեռնպահ ենք քվեարկել, որովհետեւ գտնում ենք, որ կազմակերպության գործառույթը տնտեսական համագործակցությանն է ուղղված, զեկույցները տնտեսական-սոցիալական բնույթի են, ուստի եւ զերծ մնացինք գնահատականներ հնչեցնելուց: Սակայն մասնակից երկրներից գրեթե բոլորը կողմ քվեարկեցին նշված առաջարկությանը, այդ թվում` մեր հարեւան երկրները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Վեհաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել Հայաստանի պատվիրակության նոր անդամի` Գեւորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:

Անդրադառնալով ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատման քվեարկության հարցին` Գեւորգ Պապոյանը նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը նիստին չի մասնակցել: Թուրքիան, Հայաստանը, Սերբիան, Մոլդովան կողմ են քվեարկել ռուսական պատվիրակության նոր անդամների մանդատների հաստատմանը: «Ադրբեջանը չմասնակցեց քվեարկությանը, եւ սա նույնպես գնահատում ենք իր բնույթով որոշակի հակառուսական գործողություն»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

Խոսելով ադրբեջանցի պատգամավորի ներկայացրած զեկույցներից մեկի մասին` Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նշված զեկույցի նախնական տարբերակում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը կար, սակայն մինչեւ լիագումար նիստը հեղինակն այդ պարբերությունը հանել էր: Հայկական կողմն առաջարկել է այդ պարբերությունը նույնությամբ վերականգնել: «Ստացանք հետաքրքիր քվեարկության արդյունքներ. Հայաստանը բնականաբար կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` դեմ, մնացած բոլոր երկրները, այդ թվում` Թուրքիան, ձեռնպահ են քվեարկել: Ցավոք սրտի, սա է իրականությունը, որը հետաքրքիր վերլուծությունների տեղիք է տալիս»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

--00--ԱՀ