Նոր մանրամասներ՝ արագ սննդի կետի մոտ տեղի ունեցած սպանությունից․ հայտնի է մահացածի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

Capture

Ոստիկանության աշխատակիցները պարզել են երեկ՝ հունվարի 6-ին, Երևանում «Դեգուստո» արագ սննդի կետի մոտից հիվանդանոցներ տեղափոխված մահացածի և 3 վիրավորների ինքնությունները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ  պարզվել է՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ թուլակողային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ուսահոդի հոդախախտ» ախտորոշմամբ Երևանի բնակիչ 20-ամյա Սպարտակ Հ․-ն։ «Ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 19-ամյա Համլետ Հ․-ն։ Նույն հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Զ․-ն, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել է նաև, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 18-ամյա Դավիթ Մ․-ն,

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների հարազատները ոստիկաներին ու քննիչներին հայտնել են, որ նշված անձինք դանակահարվել են Պարույր Սևակի փողոցի 92 հասցեում գործող «Դեգուստո» արագ սննդի կետի մոտ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները, քննիչները, դատախազության աշխատակիցներն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Նարեկ Տեր-Բ․-ն, 19-ամյա Անդրանիկ Մ․-ն, 20-ամյա Հակոբ Ա․-ն, 24-ամյա Աշոտ Ե․-ն և 18-ամյա Էդգար Ա․-ն Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում նշված արագ սննդի կետի դիմաց վիճաբանել են Դավիթ Մ․-ի, Սպարտակ Հ․-ի, Համլետ Հ․-ի և Արմեն Զ․-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել։

Ու այդ ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը, ում անունը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, իր մոտ եղած դանակով մարմնական վանսվածքներ է հասցրել վիրավորներին, ինչի հետևանքով Արմեն Զ․-ն մահացել է։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վիճաբանության մասնակիցների մի մասին և հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Աշոտ Ե-ին և ներկայացրել քննչական բաժին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են լինում Ռուբինյանց-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում, երբ նկատում են, որ Պարույր Սևակի փողոցում գործող «Degusto» արագ սննդի կետի դիմաց 3 քաղաքացի ուշագնաց ընկած են։

--00—ՅՄ