Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

,

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անցկացրեց 2023 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որն ընթացավ բավականին հագեցած օրակարգով։

Խորհրդակցության սկզբում անդրադարձ եղավ մարզի համայնքների՝ 2022 թվականի բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Գոհացուցիչ համարելով կատարողական 103,3 տոկոս արդյունքը՝ մարզպետ Կարեն Սարգսյանը համայնքներին ամրակցված պատասխանատուներին ցուցում տվեց՝ շարունակելու նույն հետևողական ու արդյունավետ աշխատանքը 2023 թվականի ընթացքում։

«Շատ կարեւոր է աշխատանքային թափի եւ ձեռք բերված արդյունքների պահպանումը եւ զարգացումը։ Այս ցուցանիշները մեզ կայուն հիմք են տալիս՝ իրագործելու սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաբովանդակ ծրագրերը, մշակելու եւ գործողության մեջ դնելու առաջնահերթ ու կարեւոր նոր ծրագրեր»,-շեշտեց մարզպետը։

Անդրադարձ եղավ նաև մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտի ժամկետ ունեցող, սակայն չավարտված սուբվենցիոն ծրագրերին, մարզի որոշ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ մոնիտորինգի անցկացմանը, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերի ավարտին, մարզի համայնքների 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացմանը, Վարդենիսի բնակավայրերից տարհանված եւ մարզի համայնքների բնակավայրերում ապաստանած, ինչպես նաեւ իրենց բնակավայրեր վերադարձած ընտանիքների թվին, մարզի համայնքապետարանների կողմից աշնանացանի ծլած ցանքերի վիճակի վերաբերյալ սահմանված կարգով իրականացվող մոնիտորինգի արդյունքներին, ճանապարհների ձմեռային պահպանության, Վարդենիսի բժշկական կենտրոնի շենքի վերակառուցման, Գավառի ԲԿ պոլիկլինիկայի շենքի հիմնանորոգման, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասսայականացման, համավարակի եւ գրիպի դեմ պատվաստումների, Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի միջոցառումների իրականացման, Վարդենիս համայնքի՝ հրետակոծությունից տուժած բնակավայրերի բնակարանների նորոգման, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման, մարզի բուժհիմնարկների համար հրատապ ծրագրերով գնված սարքավորումների մատակարարման, մարզի հանրակրթական 99 դպրոցներին դպրոցական գույքի հատկացման հետ կապված հարցերին։

«Ինչպես տեսնում եք, մեր անելիքները ոչ միայն շատ են, բազմազան, այլ նաև անչափ հրատապ ու կարեւոր, որոնք պահանջում են նույնքան լարված ու հետեւողական, անդուլ աշխատանք։ Ոչ մի հարցի չպետք է նայել մատների արանքով, քանի որ յուրաքանչյուր նման քայլ բերելու է ձախողումների, որոնք էապես կազդեն գործողության մեջ դրված բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքի վրա։ Իսկ մենք նման վրիպումներ, սխալներ կամ անտարբերության դրսեւորումներ թույլ տալու իրավունք եւ ժամանակ պարզապես չունենք»,-խորհդակցությունն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ։

--00--ԱՀ