Դիլիջանի ճանապարհներին ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգի մասին զգուշացնող նշաններ կտեղադրվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամի  Հայաստանի մասնաճյուղը (WWF-Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։ Հաղորդում են WWF-Հայաստանից․

«Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանն այսօր Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների հետ առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը WWF-Հայաստանը հորդորում է երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։ «Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր։ 

Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ