Դասալիքների թիվը շատ մեծ է եղել, 11 հազարը պատահական թիվ չէ․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Դասալիքների թիվը շատ մեծ է եղել, 11 հազարը պատահական թիվ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից արված այն հայտարարության մասին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել։

Քոչարյանի խոսքերով, պատերազմի օրերին շատ արագ մասնակի զորակոչ էր արվում և այդ զորակոչը շատ դեպքերում տեղ չէր հասնում կամ հասնում էր ու կարճ ժամանակ հետո անձնակազմը չէին կարողանում հավաքել իրար գլխի․ «Ունենք հազարների հասնող քրեական գործեր։ Զինվորական քննչական մարմիններում դրանք բոլորը քննվում են»,-նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ աղբյուրներից է վերցրել այդ տեղեկությունը Աննա Հակոբյանը, Քոչարյանը ասաց, թե չի կարող ասել․  «Քննիչ հանձնաժողովն այդ թվի վերաբերյալ իր պարզաբանումները կստանա։ Երբ կհաստատվի 11 է, թե 12, այդ ժամանակ հստակ կասենք»-ասաց Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ