Պահանջում եմ ԱԱԾ-ին հրապարակել այն վայրի հասցեն, որտեղ գտնվել է «Էրատո» ջոկատը պատերազմի օրերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

f5ff54e1e2e670_5ff54e1e2e6b1.thumb_

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հոդված է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

«Իսկապե՞ս, իրո՞ք մենք ունենք 11 հազար դասալիք: Ոչ, ես առավել քան համոզված եմ, որ ոչ: Պատերազմի ամբողջ ընթացքն ուսումնասիրել եմ բավական խորը ու պնդում եմ, մենք չէինք կարող նման մասշտաբի դասալքություն ունենալ: Եվ այստեղ արդեն բազմաթիվ հարցեր են առաջանում: Այսպես, որտեղի՞ց որևէ բարձրաստիճան պաշտոն չզբաղեցնող մի կնոջ այս թիվը, տեղեկությունը: Եվ եթե իրոք այս թվին մոտ կամ շատ հեռու մի թիվ կա, որը վերաբերում է դասալիքներին, մի՞թե այն չի հանդիսանում պետական գաղտնիք: մի՞թե նման թվի հրապարակումն ուղիղ հարված չէ մեր պետության և ազգային անվտանգությանը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին հորդորում եմ, կոչ անում պարզաբանել, թե ո՞վ է այս կնոջը, առևերույթ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հայտնել: Նույն կառույցի ղեկավարին կոչ եմ անում ճշտել, թե արդյոք այս տեղեկությունն ԱԱԾ-ն է հայտնել նրան կամ նրա ամուսնուն: Եվ բոլոր դեպքերում համապատասխան կառույցները պետք է հետամուտ լինեն և պարզեն, թե ինչու է հրապարակվել այս թիվը, ում հորդորով և հանձնարարականով:

Իհարկե, չի բացառվում, որ մտացածին թիվ է հրապարակվել է, բայց միևնույնն է, այս հարցը պարզաբանման կարիք է զգում:

Հանրությունը երկար ամիսներ է՝ կոչ է անում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերիների ցանկը, բայց կառավարությունը խուսափում է՝ կոչ անելով բավարարվել «1000 դրամների» հիմնադրամի ցանկով, բայց դասալիքների թիվ է հրապարակվում

Հասկանում եմ այս թվի հրապարակման նպատակը, այն էլ սահմանամերձ Աճարկուտ գյուղում, որը հերոս Դավիթ Շահնազարյանի ծննդավայրն է: Հասկանում եմ, որ նպատակը որքան պարզ, նույնքան սարսափելի է: Փորձ է արվում հայ մարդուն համոզել, որ նա վախկոտ դասալիք է: Փորձ է արվում ՀՀ քաղաքացուն համոզել, որ նա անզոր է և ինչը մնում է անել, հանձնվել թշնամու ողորմածությանը:

Հայկ Նահապետի, Մենուայի, Տիգրան Մեծի և Արտաշեսի, Տրդատ Գ-ի, Արակ Բ-ի, Աշոտ Երկաթի, Լեւոն Ե-ի, Դավիթ Բեկի, Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Թաթուլ Կրպեյանի, Մոնթեի, Աբգարի, Վաչագանի, Նարեկի, Գարիկի, Վահեի, Սամվելի, Հայկազի, Գեւորգի, Արամի, Կարենի հայրենակիցներին ուզում են աշխարհին ներկայացնել որպես վախկոտ: Սա է նպատակն ու առավել ևս հենց սա պետք է պատճառ հանդիսանա, որ համապատասխան կառույցները ջանք թափեն և այդ կնոջից պարզեն, թե ինչու է նա նման թիվ հրապարակել, և ինչու էր իրեն թույլ տալիս այդպիսի տոնով խոսել սահմանապահ աճարկուտցիների հետ, որոնք ավելի քան 30 տարի ապրում են պատերազմն ու խաղաղությունն իրար խառնած ռեժիմով:

Ինչ վերաբերում է դասալիքությանը, դավաճանությանը, աճարկուտցիների պատերազմին մասնակցելուն, ապա նույն աճարկուտցիները և հարևան կիրանցեցիները 44-օրյայի ժամանակ ևս մասնակցություն են ունեցել, ընդ որում, ոչ միայն Տավուշի սահմանները պաշտպանելով, այլ լինելով Արցախում: Աճարկուտցիները կիրթ են, չցանկացան ընդհատել, վիրավորել, բացատրել, բայց վիրավորվածությունը մնացել է: Իսկ տավուշցուն չի կարելի վիրավորել: Եվ ոչ միայն տավուշցուն:

Մի վեց տարեկան տղա երեխա նույն օրը պապին հարցրել է՝ պապիկ, իրո՞ք մենք վախկոտ ենք ու թույլ: Պապը, որը 90-ականների հերոսներից է, միայն ասել է՝ իհարկե՝ ոչ, բայց զայրույթից պատին է խփել ձեռքի բաժակը ու փշուր-փշուր արել:

44-օրային Արցախում զոհվել է 130 տավուշցի: Ի դեպ, Աճարկուտում նույն կինը պնդել է, թե ինքը մասնակցել է 44-օրյային և ջոկատ է կազմել, որ գոնե տղամարդիկ հետևեն իր օրինակին:

Կոչ եմ անում, պահանջում եմ ԱԱԾ-ին հրապարակել այն վայրի հասցեն, որտեղ գտնվել է այս կինն ու իր «Էրոատո» անվանումով ջոկատը պատերազմի օրերին: Եթե ԱԱԾ-ն դժվարանա, ապա հուշեմ՝ զրուցեք Տեղ գյուղի բնակիչների հետ, որոնք հաստատ կօգնեն այս հարցով:

Ուզում եմ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարությանն էլ հորդորել զրուցել այդ կնոջ հետ՝ հորդորելով այլևս հրապարակային ելույթներ չունենալ, հատկապես պատերազմական և անվտանգային թեմաներով, բայց միայն ուզում եմ, քանի որ ի՞նչ սպասեմ մի քաղաքական ուժից, որի առաջնորդներից մեկը այդպես էլ չի գիտակցում, որ զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, իսկ այդ պաշտոնը հատուկ վարքականոն է թելադրում: Ուզում եմ իրոք հորդորել ՔՊ-ին, որ զրուցեն այդ կնոջ ամուսնու հետ և խնդրեն, որ նա ևս հորդորի, բայց հասկանում եմ, որ ես հորդորելու եմ, իսկ իրենք ասեն՝ բա ինչու էին Աֆրիկայում նեգրերին ճնշում կամ հիշեցնեն ՀՀԿ-ի իշխանության տարիները:

Մեր բանակը հերոսների բանակ է, բայց ոչ դասալիքների: Մեր բանակն ու զինվորն այնքան հզոր է, որ անհամաչափ ահռելի մեծ ուժի դեմ կռվել են քաջաբար, կռվել ու պահել տարածքի մեծ մասը, որը հետո գրչի մեկ հարվածով հանձնվեց, երբ անգամ Ալիևը պատերազմից հետո հարցազրույց տալով ասաց, որ ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, քանի որ իր բանակն այլևս ուժ չուներ կռվելու, հատկապես լեռնային տարածքում:

Ամենահավաստի տեղեկություններով՝ մեր հերոսները թշնամուն 18-20 հազարի մարդկային կորուստ են պատճառել: Սա է հայը: Ի՞նչ վերաբերում է դասալքությանը, ապա այն եթե անգամ եղել է, ապա ոչ թե վախկոտության, այլ անորոշության և անգործության պատճառով: Քիչ չեն դեպքերը եղել, երբ զինվորներին տարել են բաց դաշտ, առանց պաշտպանական կառույցների բաց դաշտ, որտեղ մնալու որևէ իմաստ և պատճառ չի եղել, բացի թշնամու համար հեշտ թիրախ դառնալը:

Դեռ սովետական շրջանից, չգիտես ինչու, և անգամ դեռ ավելի վաղ, հայ գրականության կարմիր գծերից մեկը դավաճանությունն էր: Վեպերն ավելի շատ դավաճանների, քան հերոսների մասին էր: Ես շատ լավ ուսումնասիրել եմ մեր հարևան, և ոչ միայն հարևան երկրների պատմությունը: Հավաստիացնում եմ, որ դավաճանության և արքունիքում եղբայրասպանության դեպքերն անթիվ-անհամար են և մենք նրանցից կիլոմետրերով ետ ենք մնում, բայց մեր հարևանները իրենց դավաճանների մասին վեպեր չեն գրում ու ճիշտ էլ անում են:

Մի անգամ վերոհիշյալ կինն ասաց, թե տղերքը զոհվեցին հանուն ոչնչի ու մարսեց, իսկ հիմա ասում է՝ հայերը վախկոտ դասալիքներ են: Հիմա այս հայտարարությունը իրավական գնահատական պետք է ստանա ու նույն ՔՊ-ն, այո՛, նույն ՔՊ-ն նրան պետք է ստիպեն գնալ Աճարկուտ և այնտեղից ներողություն խնդրել աճարկուտցիներից և բոլոր հայերից:

Ի դեպ, անդարադառնանք այն հայտարարությանը, թե չորս անգամ զորահավաքի կոչ արվեց և այն չլսվեց: Լավ, դուք այդքան անլո՞ւրջ եք: Մի՞թե որևէ բանական մարդ կարող էր արձագանքել այն կոչին, որի հեղինակն ասում էր՝ գյուղապետերը թող ջոկատներ կազմեն, տանից ինչ-որ իրեր գտնեն և նետվեն մարտի դաշտ: Իրո՞ք, իսկապե՞ս դուք այդպես եք մտածում, որ նման կոչերով են պատերազմ հաղթում կամ զորակոչ իրականացնում:

Մեզնից յուրաքանչյուրը ճանաչում է իր շրջապատից տասնյակ մարդկանց, որոնք պատերազմի օրերին թակում էին զինկոմիսարիատների դռները, որ Արցախ մեկնեն, բայց մերժում էին ստանում: Մեզնից յուրաքանչյուրը կճանաչի մարդկանց, որոնք մի կերպ, իրենց ուժերով են հասել Արցախ ու կռվել: Այսքանից հետո դեռ փորձում են հային վախկոտության մեջ մեղադրել:

Մի հուշում իրավապահներին. եթե 11 հազար դասալիք կա, ապա նրանցից քանիսն է պատասխանատվության ենթարկվել, և եթե այդ թիվը համապատասխանում է իրականությանը և պատասխանատվության ենթարկվողներ չկան, ապա ո՞վ է մեղավոր դրանում:

Միամիտ չենք, հասկանում ենք, որ բացի հուսալքություն առաջացնելուց խնդիր է դրված ամեն կերպ ապացուցել, որ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ զինվորականները, ինչ-որ հինգերորդ շարասյուն, ինչ-որ դասալիքներ, արցախցիները, գուցե զոհված հերոսները, բայց ոչ գերագույն գլխավոր հրամանատարը: Ոչ, մենք չենք շշկռվում, իսկ ահա նրանք, ովքեր կարծում են այնքան զորեղ են, հզոր են, որ կարող են փոխել մի ամբողջ ժողովրդի ԴՆԹ-ն, շշկռվում են: Կարող եք մի տարի հիպնոզացնել ժողովրդին, հինգ տարի, բայց հավերժ չեք կարող:

Մի շատ վտանգավոր քայլ է արված: Փորձ է արվում զոհված հերոսների ընտանիքի անդամներին տրամադրել պատերազմից վիրավոր կամ առանց վիրավորումի ետ եկածների և նրանց ընտանիքների դեմ: Փորձ է արվում ատելություն առաջացել պատերազմից ողջ և առողջ վերադարձածների նկատմամբ: Կոչ եմ անում հերոսների ծնողներին չտրվել այս սադրանքին:

Այս մղձավանջից դուրս գալ է պետք և դուրս ենք գալու: Ասել եմ ու կրկնում եմ, քանի դեռ այս երկրի թիվ մեկ պաշտոնյան Նիկոլ Փաշինյանն է, մենք մնալու ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ում և անդադար պարտվելու ենք:

Իսկ ինչո՞ւ մինչ հիմա չենք կարողանում փոխել պարտության դեմքին: Պատասխանը պարզ է՝ արժանի չենք: Արժանի չենք, քանի որ դեռ նեղ անձնականը վեր ենք դասում պետական ու ազգային շահից, քանի որ դեռ քրոջ աղջկան մանկապարտեզում դաշնամուրի դասատու ընդունելու համար պատրաստ ենք գառ մորթել Նիկոլի ոտքերի տակ, քանի որ ասում ենք՝ եթե ես չեմ լինելու վարչապետ, ապա ինչու ջանք թափեմ նրան պաշտոնանկ անելու գործում, քանի որ մտածում ենք, որ մեր փոխարեն Նիկոլին պաշտոնանկ է անելու ինչ-որ անտեսանելի ուժ կամ մեկ այլ երկրի ղեկավար, քանի որ դեռ մեր մեջ կան գառան դիմակով բազմաթիվ գայլեր, որոնք իբր հականկոլական են, բայց Նիկոլի ամենավառ աջակիցներն են ու ամեն ինչ անում են ազգի առողջացման և պետության ոտքի կանգնելու համար պայքարի ելածներին անվանարկեն ու վարկաբեկեն:

Եվ ամենակարևորը՝ Աստծուց հեռացած ենք ու չենք էլ փորձում մոտ գնալ, քանի որ չարը շատ է մեր մեջ ու չարն իր ավերը գործում է: Գրեթե բոլորը բոլորին ատում է: Սա է դառը և դաժան իրականությունը, որից պետք է ազատվենք, առաջին հերթին ազատվելուց մեր միջի չարությունից: Ատելությունը, փոխադարձ ատելությունը մեզ ոչ մի տեղ չի տանելու: Ուշադիր եղեք, եթե տեսնում եք մեկը պաթոսախառը ատելություն է տարածում, ապա նա հաստատ բոլորովին այլ նպատակներ ունի, քան հայրենիքի վերածնունդը»:

--00—ՅՄ