Լարսը բացվել է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

4b6227cc-4c09-4568-9a34-e9db55aad905.jpg

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բացվել է երթևեկությունը կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Նման հայտարարություն է տարածել Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձյան տեղումների պատճառով ապրիլի 24-ի գիշերը սահմանափակվել էր մեծ բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակման վերացումը հնարավոր է դարձել մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո։

Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտը շարժվում է շարունակական ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբի ճանապարհին՝ միայն ձնահյուսերից պաշտպանված թունելներով։

Կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների, ինչպես նաև 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների անցումը թունելներով կիրականացվի միայն միակողմանի ռեժիմով։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված` Ռազմավիրական ճանապարհը, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանն ու Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա։

--00—ԶՀ