Երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Արցախի Մեծ Շենում մեկ ամսվա պաշար է մնացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Mets_Shen_Skyline.jpg

Երկու օր է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ իբրև կեղծ պատճառ առաջ քաշելով «Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու» մտացածին թեզը։

Կամրջի փակման հետևանքով Արցախի Մեծ Շեն, Հին շեն և Եղցահող գյուղերը հայտնվել են երկկողմանի շրջափակման մեջ և կորցրել կապը թե՛ Հայաստանի, թե՛ Ստեփանակերտի հետ։

«Դեռևս խուճապ չկա, հանգիստ, բնականոն կյանքով ապրում ենք, ճիշտ է՝ արդեն շրջափակված ենք երկկողմանի, բայց դեռևս իր հունով գնում ա ամեն բան»,- 24News-ի հետ զրույցում նշեց Մեծ Շենի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ առայժմ պարենային կամ դեղորայքային ապրանքների կարիք չի զգացվում։

«Մեր իշխանությունների, պետնախարարի, մեր վարչակազմի ղեկավարի հետ կապի մեջ ենք, թե խնդիր առաջանա, ինձ թվում ա՝ էդ հարցերը կլուծվի խաղաղապահների կամ Կարմիր խաչի միջոցով», - նկատեց նա։

Դավթյանի խոսքով՝ գյուղացիները կկարողանան գոյատևել 1 ամիս՝ պահուստային ապրանքներն այդքան կբավարարեն․ «Հուսանք, որ շուտ կբացվի, բանակցում են, որ էդ անցակետը պիտի կա՛մ չլինի, կա՛մ էլ, եթե լինի՝ բացվի, որպեսզի առանց խոչընդոտ կապ ունենանք Հայաստանի ու Ստեփանակերտի հետ»։

Համայնքի ղեկավարը նշեց, որ գյուղերում հեռախոսակապի խնդիր ևս կա․ «Դժվարությամբ, բայց կարողանում ենք կապ պահել մյուս համայնքների հետ, կապերը, ճիշտն ասած, շատ վատ են, զարմացած եմ, թե դուք ոնց եք կարողացել կապ հաստատել», - ասաց Մեծ Շենի ղեկավարը։

Մերի Մանուկյան

--00—ԶՀ