Փաշինյանը պատրաստ է նույնիսկ Օսմանյան կայսրության ամբողջականությունը ճանաչել. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

image_750x_646b7ff9d4a3d.jpg

Խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է և առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօր հնչեցրած մտքերին:

-Պարոն Վանեցյան, Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քկմ տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

-Նախ` Փաշինյանն առաջին անգամ չէ նման բան հայտարարում: Այն, որ հայտարարությունը մի փոքր այլ կերպ է ձևակերպել, չի նշանակում, որ ասածը նորություն է:

Երկրորդ` Փաշինյանն այսօր այնպիսի նվաստացած վիճակում է, որ վստահ եմ կճանաչի նաև 16-րդ դարի Օսմանյան կայսրության կամ 19-րդ դարի Բրիտանական կայսրության տարածքային ամբողջականությունը: 

Բայց պետք է հասկանալ, որ խնդիրը Փաշինյանի հայտարարությունները չեն: Խնդիրը հայ ժողովրդի կամքն է: Առաջին հերթին` Արցախում ապրող մեր հայրենակիցների կամքը:

Արցախահայությունը, որ 1988 թվականից պայքարում է իր անվտանգության, իր հայրենի բնօրրանում ազատ ապրելու իրավունքի համար ու այդ պայքարում միշտ առաջնորդվել է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի տառին համապատասխան, այսօր էլ չպետք է տրվի տարատեսակ հայտարարություններին և մեկնաբանություններին ու պետք է կենտրոնանա իր իրական խնդիրների վրա: Եվ եթե արցախահայությունը չհուսալքվի, չհիասթափվի և իր իղձերի մեջ հաստատուն մնա, վստահեցնում եմ, որ ողջ հայ ժողովուրդն է նեցուկ կանգնելու նրանց պայքարին` անկախ նրանից, թե ով է զբաղեցնում Հայաստանի վարչապետի պաշտոնը և ինչ հայտարարություններ է անում:

--00—ԶՀ