Իրավիճակի խորքում Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկություններն են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն Փաշինյան, բարի գալուստ Al Arabiya: Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար: Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակն այսօր Ղարաբաղում՝ հատկապես նկատի առնելով, որ Դուք օրերս կոչ արեցիք համընդհանուր ռազմական և քաղաքացիական պատրաստության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես կցանկանայի խոսել տարածաշրջանային առումով վտանգավորության մասին: Որովհետև թե ինչքանով է իրավիճակը վտանգավոր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի համար, կարծում եմ՝ պարզ է: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որպեսզի Ձեր հեռուստադիտողը ճիշտ ընկալի, թե ինչու է տեղի ունենում պատերազմը, և ինչ ենթատեքստ ունի այն:

Նախ, արձանագրենք, որ այս պատերազմը տեղի չէր ունենա առանց Թուրքիայի միջամտության: Որովհետև հիմա արդեն ակնհայտ է և ապացուցված, որ Թուրքիան Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան՝ հարձակումը ձեռնարկելու համար:

Երկրորդ, այս պատերազմը, ըստ էության, դարձավ շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների, որոնք սկսվեցին օգոստոսին և չավարտվեցին մինչև պատերազմի մեկնարկը: Թուրքիայի որոշակի ռազմական կոնտինգենտ պատերազմի մեկնարկի պահին շարունակում էր գտնվել Ադրբեջանում և մասնակցում է պատերազմին:

Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու է այս ամեն ինչը հետաքրքրում Թուրքիային: Կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը դիտարկենք այն էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Սա Օսմանյան կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է, և իմ համոզմամբ՝ այդ քաղաքականությունը պետք է միջազգային հանրության կողմից խստագույնս կասեցվի: Հակառակ դեպքում՝ այն նույնպիսի սպառնալիքներ է պարունակում ինչպես Միջերկրական ծովի երկրների, արաբական աշխարհի, Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպայի համար:

Ես մի քանի անգամ ասել եմ նաև եվրոպական հեռուստատեսությունների և լրատվամիջոցների հետ զրույցներում, որ եթե Եվրոպայում պատշաճ գնահատականի չարժանացնեն այս իրավիճակը, հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Սա վերաբերում է բոլոր ուղղություններին: Եթե այս իրավիճակը պատշաճ գնահատականի չարժանանա միջազգային հանրության կողմից, մենք առաջիկայում կտեսնենք Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտություն: Հիմա տեսնում ենք Հարավային Կովկասում, ապա կտեսնենք դրանից դեպի հյուսիս, արևելք, հարավ-արևելք և հարավ: Այնպես որ, սա մի մեծ իրավիճակ է, որի խորքում իրականում ընկած են Օսմանյան կայսրությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունները և մղումները: 

Al Arabiya - Պարոն Փաշինյան, Դուք նշեցիք, թե ինչու է Թուրքիան շահագրգռված Ադրբեջանին աջակցելու հարցում: Բայց Դուք նաև մեղադրեցիք Բաքվին՝ Թուրքիայի միջոցով վարձկաններ ներգրավելու համար, ինչպես նաև պատասխանեցիք հայկական արմատներով արաբներին օգնության կանչելու՝ Ձեզ հասցեագրված մեղադրանքին: Ո՞րն է տարբերությունը վարձկանների և նրանց միջև:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ, մենք այդպիսի երևույթ չունենք, չկա այդպիսի երևույթ: Երկրորդ՝ կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր աշխատում կամ ապրում են որևէ օտարերկրյա երկրում, և այս իրավիճակից ելնելով՝ նրանք վերադառնում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու: Եվ կան ղարաբաղցիներ, ովքեր ապրում են արտերկրում և վերադառնում են իրենց հայրենիքը պաշտպանելու: Բայց ես Ձեզ ասեմ, որ այդպիսի երևույթ, որը կարող է դիտարկվել որպես մասշտաբային, մենք չունենք: Ես չեմ բացառում այդպիսի դեպքեր, բայց բացառում եմ, որ այս տրամաբանությունից դուրս որևէ բան մենք ունենանք:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս