Սիսիանում ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք․ 3 հոգի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

d3f3670b-38bd-47ec-9757-6bea2a26b3b2.jpg

Երեկ՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ուեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Սիսիանի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է  ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ տուժածներն ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Սյունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Գրիգոր Պողոսյանը, 29-ամյա Տիգրան Պողոսյանը և 72-ամյա Վալերիկ Թարվերդյանը։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Ոստիկանության Սիսիանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, համագործակցելով Սիսիանի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։50-ի սահմաններում Սիսիան քաղաքի Իսրայելյան և Խանջյան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված Տ․ Պողոսյանը իր վարած VAZ 21043 մակնիշի ավտոմեքնայով բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Վալերիկ Ղազարյանի վարած Nissan X-Trail մակնիշի  ավտոմեքենային։

Վթարից հետո դեպքի վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձը սուր կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել Գ․ և Տ․ Պողոսյաններին և Վ Թարվերդյանին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք՝ սուր կտրող-ծակող առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

--00—ԶՀ