Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

հ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, ընդգծել, որ մեծ պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր, որից հետո մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։

Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։

Սուկրիտի Սինգհ Դահիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության կազմը, խոսել երկու երկրների միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում  նախանշվել են  երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։

Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։

--00--ԼՀ