Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1120749

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի բողոքարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նիստում:

Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ողջ ընտրական համակարգին շնորհակալություն հայտնեց ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ՝ սեպտեմբերի 27-ին լրացել է ընտրությունների բողոքարկման ժամկետը: Եվ 14 մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը ընտրությունների արդյունքները չի բողոքարկել Վարչական դատարան:

«Ընտրություններն անցել են մրցակցային, բուռն, լարված պայմաններում, բայց այն փաստը, որ 14 մասնակիցներից որևէ մեկը չի բողոքարկել ընտրության արդյունքները, ինքնին փաստում է, որ ընտրական համակարգն իր պարտականություններն ամբողջությամբ կատարել է: Եվ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրությունները մեզանում արդեն կայացած իրողություն են: Դա նաև ընդունում են քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են ընտրություններին»,-ասաց Հովակիմյանը:

--00—ՅՄ