ԵՊՀ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

միպ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյալից։

Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ  կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ 

«Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է Պաշտպանը։ 

Պաշտպանը նաև հավելում է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել  հիվանդանոց:

Մարդու իրավունքների պաշտպանը ցավակցում է մահացածի ընտանիքին, ընկերներին և հարազատներին, պատահարի արդյունքում վիրավորում ստացածներին մաղթում շուտափույթ ապաքինում։

--00—ԼՀ