Արարատի ու Արագածի կեղծ հակադրությունը կամ իշխանություն պահելու տրյուկ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

նկ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանորոգել է կառավարությունում իր աշխատասենյակները, որոնցից մեկի պատին նկարել է տվել Արագածի չորս գագաթները։ Դրանից ընդամենը օրեր առաջ, պատասխանելով քաղաքացիների հարցերին, որոնց մեծամասնությունը «զուտ պատահաբար» իր կողմնակիցներն էին, նա կրկին անդրադարձել է Հայաստանի օրհներգին ու զինանշանին՝ հայտարարելով, որ «այնտեղ սխալ կոդեր կա»։ Թվում է, թե Արցախի կորստից հետո նրա ցանկացած հայտարարություն այլևս ոչ մեկի մոտ զարմանք չէր կարող առաջացնել, սակայն «Արագած-Արարատ» արհեստական հակադրությունը, հիմնի ու զինանշանի մասին հայտարարություններն ունեն հեռու գնացող նպատակներ, որոնք տեղավորվում են «խաղաղության բանաձևի» այն տրամաբանության մեջ, որ այսօր հրամցվում է մեր հասարակությանը։ Պարզից էլ պարզ է, որ վերջնանպատակը զինանշանի վրայից Արարատ լեռան, հայկական թագավորական հարստությունների զինանշանները հանելն է ու հայտարարելը, թե «այն, ինչ մերը չէ, մեր հայրենիք չէ»։ Այս գավառական թեզի «կոդը», ինչպես սիրում է արտահայտվել Փաշինյանը, իրականում ոչ մի կապ չունի պրագմատիկ քաղաքականության ու հարևանների հետ փոխհարաբերությունների լավարկման, ոչ մի կապ չունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «ախպերություն» անելու թեզերի հետ, այն ունի միայն մեկ նպատակ՝ հնարավորինս երկարացնել իր իշխանությունը՝ դրա ճանապարհին կանգ չառնելով ու ջնջելով մի ողջ ժողովրդի պատմական հիշողություն ու խորհրդանիշներ։

Առաջին Հանրապետության կործանումից հետո անգամ Խորհրդային դարձած Հայաստանն իր զինանշանի վրա պահպանեց Արարատ լեռը, հեղինակներն էին Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանը։ Դա ամենևին էլ չէր նշանակում, որ խորհրդայնացած, սեփական զինված ուժերից ու արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից զրկված Հայաստանը պատրաստվում է Թուրքիայի դեմ պատերազմ վարել ու կռվելով Մասիս սարը հետ բերել, ինչպես և ցույց տվեց պատմությունը։ Արարատի խորհրդանիշն ունի շատ ավելի խորքային, սեփական ժողովրդի ինքնության հետ կապված արմատներ, որոնք գնում ու հասնում են մինչև Նոյ ու Ավետարան։ Թե՞ Ավետարանում էլ էին սխալ կոդեր դրվել կամ Նոյ նահապետի մասին պատումն էլ հայ ժողովրդին ներշնչում էր մաքսիմալիստական, առավելապաշտական ու կեղծ հույսեր։ Փաշինյանն ընդամենը լուռ ու հնազանդ կատարում է թուրքերի պահանջները՝ սերունդների մեջ փոխելով ինքնության ամենակարևոր տարրերն ու ասելով, թե Արարատը սխալ է, դուք Արագած ունեք, գնացե՜ք ու այնտեղ խաշ կերեք։

Սա Հայաստանին պարտադրվող կապիտուլիացիայի բնական ընթացքն է, որն իրականացվում է Փաշինյանի ձեռամբ՝ ոչնչացնելով հայ ժողովրդի ինքնության սյուները։ Նա էլ դա անում է ոչ թե այն պատճառով, որ հաստատ ու հստակ համոզում ունի, թե այսկերպ թուրքական վտանգը կչեզոքացվի Հայաստանի վրայից, այլ միայն ու բացառապես սեփական իշխանությունը պահելու համար։ «Նախկիններ ու ներկաներ», «սևեր և սպիտակներ» հակադրությունն արդեն չի տալիս իշխանության այն կենարար ուժը, որով նա մնում է իր աթոռին։ Հիմա էլ պետք է հակադրել «Արարատն ու Արագածը»՝ այսկերպ ստանալով աջակցություն մնալու իշխանության Բաքվից ու հատկապես Անկարայից։ Նա չունի ոչ մի հարցի շուրջ հստակ պատկերացում ու համոզված մոտեցումներ, Փաշինյանն այս ամենն անում է իրեն հատուկ հախուռն, քաոսային ձևով՝ պահպանելով իր քաղաքական առաքելության միակ կարմիր գիծը՝ սեփական աթոռը։

Նարեկ Գալստյան

--00—ԼՀ