ԱՀ-ից բռնագաղթածները ճամփորդելիս պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

ահ

ՀՀ կառավարության որոշմամբ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ հայերը հունվարի 28-ից սկսած ճամփորդության մեկնելիս անձնագրից բացի պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայական: Այն ստանալու ընթացակարգն ասուլիսում ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանախոսն ընդգծեց, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի վերջին՝ Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ ամրագրվել է, որ որոշման՝ ուժի մեջ մտնելուց 3 ամիս անց Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ճամփորդելիս ի թիվս այլ փաստաթուղթերի պետք է ներկայացնեն նաև ԺՊ վկայականը:

«ԺՊ վկայական ունեցող անձը օգտվում է միջազգային պաշտպանությունից և որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել կամ հարկադրաբար տեղափոխվել կոնկրետ երկրի տարածք, տվյալ պարագայում՝ Ադրբեջան: Սա նպատակ է հետապնդում ճամփորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ: ԺՊ վկայականը տրամադրվում է անձնագրային ծառայությունների կողմից՝ տվյալ անձի Հայաստանում հաշվառմանը զուգահեռ: ԼՂ-ից բռնի տեղահանված անձը Հայաստանի բնակչության ռեգիստրում հաշվառվելու դիմում ներկայացնելուն զուգահեռ կարող է ներկայացնել նաև ԺՊ վկայական ստանալու դիմում: Արտերկրում գտնվողները ԺՊ վկայական ստանալու համար կարող են դիմել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ: ԺՊ վկայականը գործում է 1 տարի և կարող է երկարաձգվել՝ կառավարության որոշման գործողության երկարաձգմանը զուգահեռ: ԺՊ վկայականն անհրաժեշտ է թե չափահասներին, թե անչափահասներին: ԼՂ-ից բռնագաղթած, սակայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ԺՊ կարգավիճակի վկայական չի պահանջվում»,- նշեց Արմեն Ղազարյանը:

Ըստ նրա՝ հունվարի 25-ի դրությամբ ստացվել է ԺՊ վկայական ստանալու 42809 դիմում, որի ճնշող մեծամասնությունն արդեն բավարարվել է: Նշվեց նաև, որ ՀՀ Բնակչության պետական ռեգիստրում ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառումների թիվն արդեն իսկ մոտեցել է 50 հազարին: ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը շուրջ 900 է:

Վկայական պետք է ձեռք բերեն ժամանակավոր պաշտպանության վերցված բոլոր անձինք: Կառավարության որոշմամբ ԺՊ-ի են վերցվել հետևյալ խմբերի քաղաքացիները.

ա. ԼՂ բնակչության ռեգիստրում հաշվառում ունեցող անձինք

բ. այն անձինք, ում վերջին հաշվառումը եղել է ԼՂ բնակչության ռեգիստրում

գ. այն անձինք, որոնք որևէ տեղ հաշվառված չեն, սակայն բռնագաղթել են 2023 թվականին և բռնագաղթի փաստը արձանագրվել է:

Այդ խմբերից բացառություն են կազմում երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիություն ունեցողները:

Հաշվառում ստացողները չեն զրկվում սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունից: 

Անձնագրային ծառայություններին ցուցվել է արտահերթ սպասարկել ճամփորդելու որոշակի հիմնավորում ներկայացրած անձանց: Սպասարկման առաջնահերթություն է տրվում նաև թոշակառու և նպաստառու անձանց:  

--00—ԼՀ