Թումանյանի նախկին թբիլիսյան բնակարանում ոգեկոչել են Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

դ

Այսօր, Փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, ժամը` 13:00-ին կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Թումանյանի գերեզմանին։ Իսկ, ժամը 15:00-ին Մեծ բանաստեղծի նախկին թբիլիսյան բնակարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը, որից հետո՝ «Հովհ.Թումանյանը և Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը» բանախոսությամբ հանդես եկավ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը: Հայտնում են Վրաստանի հայ համայնքից։  Նաև կայացավ` թարգմանիչ, բանաստեղծ Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը:

Թումանյանը ծավալել է հասարակական և գրական լայն գործունեություն:

1899թ. նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, և ուրիշներ:

1905-1906 թթ․ հայ-թաթարական ընդհարումներն առիթ են դառնում, որպեսզի Թումանյանի և ՀՅԴ հարաբերություններն ստանան կանոնագրային բնույթ: Ավելին, դաշնակցական ղեկավարների ակտիվ գործիչների տասներկու անունների դիմաց 1904 թ. ապրիլի 20-ի փաստաթղթում նշվում է` «դսեղցի Հովհաննես Թումանյան»: Ըստ Թիֆլիսի պահնորդական բաժնի գաղտնի տվյալների` Թումանյանը եղել է Շուլավերի դաշնակցության կոմիտեի նախագահ, կենտրոնական բյուրոյի արևելյան բաժնի անդամ: 1904 թ. մայիսի 3-ին և 4-ին բանաստեղծը Երևան և Էջմիածին է այցելել, որպեսզի բանակցություններ վարի կաթողիկոսի հետ «կայսերական հրովարտակը մերժելու մասին»: 1907 թ. հունվարի 20-25-ը Թիֆլիսի Չորրորդ քաղաքամասի բնակչության կողմից Թումանյանը առաջադրվում է Երկրորդ Պետական դումայի պատգամավոր ընտրյալ պատվիրակների Դաշնակցության թեկնածու կուսակցության կողմից:

1908 թ. դեկտեմբերին, Թիֆլիսում և հայաշատ այլ վայրերում սկսվում են ձերբակալությունները: Թիրախում մեծ մասամբ հայ մտավորականներն էին՝ ուսանողներ, հասարակական գործիչներ, բժիշկներ, իրավաբաններ՝ շուրջ 160 անձ:

Թումանյանը որդու՝ Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ. դեկտեմբեր 23-ի լույս 24-ի գիշերը, կարճ ժամանակ անց՝ երաշխավորությամբ ազատ է արձակվում, սակայն նրա նկատամամբ սահմանվում է խստացված հսկողություն։

1911 թ. հունվարին 19-ին «Հորիզոն» թերթի խմբագրատուն են ներխուժում պահնորդական բաժնի գործակալները, խուզարկում, կալանավորում են Թումանյանին, թերթի այլ աշխատակիցների ու պատահական այցելուների: Թումանյանին տրված նախկին բոլոր մեղադրանքները կրկնվում են նոր խմբագրումներով։

Հովհաննես Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին։

--00—ՍՊ