Սկանդալներ, ինտրիգներ ու չեմպիոնական թեժ պայքար. ի՞նչ սպասել Հայաստանի առաջնության վերադարձից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

29efce22351566a2419c9d838ea300e3-1024x784

Հայաստանում, անկասկած, շատ են եվրոպական թոփ ակումբների երկրպագուները։ «Ռեալը», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» ունեն ֆանատների հսկայական բանակ։ Բայց, վերջապես, եկավ այն պահը, որ առաջին պլան է դուրս գալիս մեր ներքին առաջնությունը՝ Հայաստանի ID Bank Պրեմիեր լիգան։ Ձմեռային դադարից հետո արդեն կայացել է 2 տուր, որոնք մտորելու լուրջ առիթ են տալիս։ 

Այս հոդվածում մենք կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ թիմերի՝ ձմեռային դադարի ընթացքում ծավալած գործունեությանը և խոսել նախորդ 2 տուրերի խաղերի մասին։ 

Վերնահարկի բնակիչներ.

«Փյունիկ»

Երևանի «Փյունիկը» 23/24 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց առավել քան վստահ՝ ամանորի արձակուրդներին չունենալով ոչ մի պարտություն ու ճանապարհին ամբարձիչի նման ավիրելով բոլորին՝ դաժանորեն ու անխնա։ Սակայն նոր՝ 2024 թվականին «նռնագույնները», կարծես, ձեռք են բերել «Գվարդիոլայի համախտանիշը»։ Տարիներ առաջ իսպանացի մասնագետի թիմերը աշնանը ֆենոմենալ մարզավիճակ հավաքելուց հետո ձռման ինչ-որ հատվածում սկսում էին դոփել տեղում, կորցնել միավորներ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի։ Հիմա նման բան Պեպի մոտ չի նկատվում, իսկ «Փյունիկը» շարժվում է հենց այդ ծրագրով։

Եվ այստեղ խնդիրն ամենևին էլ ֆուտբոլայինը չէ միայն։ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Արմեն Մելիքբեկյանի վերընտրվելու դեպքում թիմն այլևս չի շարունակելու ելույթները ՀՊԼ-ում։ Բայց, ինչպես տեսնում ենք, «Փյունիկը» դեռևս Հայաստանի առաջնությունում է։ Բնականաբար, նման իրավիճակը չի կարող չազդել հանդերձարանում տիրող մթնոլորտի վրա, այն էլ Հայաստանում։

Ձմեռային դադարի ընթացքում «Փյունիկը» հայտնվեց ևս մեկ կասկածելի պատմության մեջ, երբ հայտնի դարձավ, որ թիմը փոխում է իր ստուգողական խաղերի մրցակիցներին՝ մասնավորապես հրաժարվելով ռուսական ակումբների հետ մրցելուց։ Ըստ լուրերի՝ «Նռնագույնների» ղեկավարությունը չցանկացավ խաղալ ՌՊԼ ներկայացուցիչների հետ՝ ուկրաինացի մրցակիցներին չկորցնելու համար։ Հիշյալ ստուգողական խաղերում «Փյունիկը» տարավ 3 հաղթանակ, կրեց 4 պարտություն, ևս 1 հանդիպում ավարտեց ոչ-ոքի։ Իհարկե, նման հանդիպումներում էականը ոչ թե խաղի ելքն է, այլ այն, թե ի՞նչ է ցանկանում ստանալ մարզիչն իր ֆուտբոլիստներից։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը կատարեց մի քանի հետաքրքիր ձեռքբերում՝ թիմ բերելով Սոլոմոն Ուդոյին ու Սերժ Դեբլեին։ Ամենաէականն, անկասկած, Լուկա Յուրիչիչի վերադարձն էր, թեպետ առանց նրա էլ ակումբի հարձակման գիծն ուներ սարսափելի վտանգավոր տեսք։ Բացի դրանից, եղավ Հովհաննես Հարությունյանի տարօրինակ շրջագայությունը Սոչի։ Մեր ընտրանու կիսապաշտպանը 160 հազար եվրոյով տեղափոխվեց ռուսական ակումբ, բայց կարճ ժամանակ անց վերադարձավ, այս անգամ, սակայն, վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա խոսում է միայն այն բանի մասին, որ ակումբի սելեկցիոն աշխատանքը կարելի է անբավարար համարել։ Այո, ակումբի համար Հովհաննեսը կարևոր ֆուտբոլիստ էր և, գուցե նրան փոխարինելը բարդ է, բայց պետք էր գտնել թեկնածու։

Այն, որ ակումբի հետ մի բան այն չէ (հանդերձարանում, թե այլ մակարդակների վրա՝ հնարավոր չէ ասել), երևաց արձակուրդից հետո վերսկսված ՀՊԼ 2 տուրում։ Նախ Եղիշե Մելիքյանի թիմը 1-3 հաշվով բոլոր առումներով պարտվեց «Արարատ-Արմենիային», այնուհետև երևանյան դերբիում ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ, որը երկրորդ կեսում խաղում էր 10 հոգով։ «Ուրարտուի» հետ խաղից հետո Եղիշե Մելիքյանը հայտարարեց, որ թիմում չկա անկում, բայց և չհերքեց, որ որոշակի խնդիրներ կան՝ խոստանալով, որ առաջիկայում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ