Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ոստիկանները որևիցե մոտիվացիա չունեին խոշտանգելու քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին, ում ՔԿ-ից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին իրավապահների թողտվությամբ կտտանքների են ենթարկել դիմակավորված քաղաքացիական անձինք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նրա փաստաբան, իրավաբան Ռուբեն Մելիքյանը՝ նկատելով, որ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը կարելի է համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատվերը։

Ըստ Մելիքյանի, սրա մասին է վկայում իրադարձությունների ընթացքը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի և Արթուր Հովհաննիսյանի գրառումները, որին էլ հաջորդել է այս աննախադեպ հանցագործությունը։

Մելիքյանը, որոշ ընդդիմադիր պատգամավորներ ու քաղաքացիներ առավոտյան հավաքվել են ՁՊՎ-ի մոտ, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին տեղափոխող մեքենան Քննչական կոմիտե, որտեղ, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։ 

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միջադեպ էր գրանցվել ակտիվիստ Սամվել Վարդանյանի ու ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև, որի տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Այս միջադեպից հետո իրավապահները ձերբակալել էին երիտասարդին, իսկ արդեն ՔԿ-ից ՁՊՎ տանող ճանապարհին նրան ուղեկցող ոստիկանները իբր թե «բնական կարիքները» հոգալու համար դուրս էին եկել մեքենայից։ Այդ ընթացքում մեքենան բացել էին դիմակավորված քաղաքացիական հագուստով անձինք, որոնք բռնությամբ Վարդանյանին դուրս էին բերել մեքենայից, ֆիզիկական ուժ կիրառել, նվաստացրել ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Տեղի ունեցած զազրելի դեպքի մասին իր փաստաբաններին պատմել էր ինքը՝ ձերբակալված երիտասարդը։ Այս հայտարարությունից հետո Ոստիկանությունում հայտարարել էին, թե սկսում են ներքին քննություն, սակայն մինչ այս պահը դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ, Սամվելին ուղեկցող ոստիկանները աշխատանքից ազատված կամ ձերբակալված չեն։

Չեն հայտնաբերվել նաև խոշտանգողները։

--00—ՅՄ