ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
«Հետքը» գրում է․
«Արդեն մի քանի տարի է` Հրազդանի համայնքապետարանը ծառայողական ավտոմեքենաների լիցքավորման գազը գնում է համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի եղբոր՝ Մեխակ Միքայելյանի ընկերությունից: Հրազդանի ճանապարհների վերանորոգման աշխատանքների մի մասն էլ իրականացնում է համայնքի ղեկավարի եղբոր աներորդու ընկերությունը: Միայն վերջին 3 տարվա ընթացքում գազի գնման պայմանագրերի գումարը մոտ 156 մլն դրամ է:
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար:
Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս պայմանագրեր է կնքել եղբոր ընկերությունների հետ:
Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։
Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:
«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ոչ միայն գազալցակայաններ ունի, այլև Հրազդանում իրականացնում է ավտոմեքենաների լվացման ծառայություն:
Ընկերության հետ պայմանագրերը կնքվում են էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:
Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին համայնքի ղեկավարի եղբոր ընկերության հետ են պայմանագրեր կնքվում:
Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ որևէ բացասական ռիսկ չի տեսնում: Ավելին՝ նշեց, որ գործընթացը թափանցիկ է, և որևէ խախտում թույլ չեն տվել: Բաժնի պետը նշեց, որ նախկինում՝ մոտ 7 տարի առաջ, ուրիշն է շահել մրցույթը:
«Նման դեպք էլի կար, այսպես ասեմ, տենդեր է, մասնակցել են, շահել են։ Ցանկացածը կարող է մասնակցել, շահել: Այստեղ շահերի բախում չկա այն առումով, քանի որ Միքայելյանը չի եղել գնահատող հանձնաժողովի անդամ, բայց որպես պատվիրատուի ղեկավար, կարող է ցանկացածի հետ կնքել պայմանագիր»,- ասում է Ք. Բաղդասարյանը։
Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մրցակցություն չի եղել, դիմել է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ