ՈՒԵՖԱ-ն պետք է իմանար այդ ռիսկերի մասին․«Արսենալ»-ի ավագը՝ Մխիթարյանի՝ Բաքու չգնալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո ամբողջ աշխարհից ֆուտբոլային ոլորտի ներկայացուցիչներն ու ֆուտբոլասերներն իրենց աջակցությունն են հայտնել հայազգի մարզիկին:

«Արսենալ»-ի ավագ Լորան Կոսելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ Ադրբեջանը որպես Եվրոպայի լիգայի եզրափակչի կազմակերպիչ երկիր ընտրելու համար:

«Կարծում եմ՝ ՈՒԵՖԱ-ն պետք է իմանար այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ երկրում քաղաքական դրության պատճառով: Երբ մի երկիր մեկ այլ երկրի հետ խնդիր ունի, նրանք չպետք է այդ երկրին եզրափակիչն անցկացնելու իրավունք տան: Դա մեզ համար բարդ որոշում է, քանի որ մենք ուզում ենք, որ Միկին մեզ հետ լինի, նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»,- գրում է The Telegraph-ը՝ մեջբերելով պաշտպանի խոսքերը:

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին իր հերթին հայտարարել է, որ չի կարող ստիպել Մխիթարյանին Բաքու գնալ, քանի որ հարգում է նրա որոշումը: Նա իրավիճակը «խայտառակ» է անվանել՝ նշելով, որ հանդիպմանը ակումբի ընդամենը 6000 երկրպագու ներկա կլինի:

Ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել և որոշել է հրաժարվել եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Բաքու մեկնելուց:

Մինչ այդ, հայտնի բրիտանացի լրագրող, CNN հեռուստաալիքի հաղորդավար Փիրս Մորգանը կոչ էր արել «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային ակումբներին բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը:

Հիշեցնենք, որ «Արսենալ» ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը Բաքու չի մեկնի և չի մասնակցի մայիսի 29-ին «Չելսի»-ի դեմ այնտեղ կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս