Ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ը․ Ադրբեջանի թիրախում ՀԱՊԿ անդամ երկրի տարածքներն են․ Արման Բաբաջանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 27, 24News

Արման

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է Տավուշի մարզումհակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքին, որի ժամանակ հայ զինվոր է վիրավորվել։ Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանի կողմից թիրախավորվող այդ տարածքները ՀԱՊԿ անդամ երկրի տարածքներն են, և ամեն մի նման կրակոց ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու ոտնձգության դեպքում համարժեք գործողություններ իրականացնելու պարտավորություն ունեցող ՀԱՊԿ-ի դեմ։ Պատգամավորի գրառումը՝ ստորև․

«Այսօր Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում ժամը 11:00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող: 

Այսինքն՝ հերթական անգամ Ադրբեջանական կողմը կրակել է Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ։ Յուրաքանչյուր նման միջադեպի ժամանակ առաջին արձանագրումն այն է, որ դա ոչ թե ղարաբաղաադրբեջանական սահմանագիծն է, որը գտնվում է հրադադարի փխրուն ռեժիմում, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանը։ Ադրբեջանի կողմից թիրախավորվող այդ տարածքներն, այսպիսով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրի տարածքներն են, և ամեն մի նման կրակոց ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու ոտնձգության դեպքում համարժեք գործողություններ իրականացնելու պարտավորություն ունեցող ՀԱՊԿ-ի դեմ։ 

Յուրաքանչյուր նման միջադեպից հետո բնականորեն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է լռում ՀԱՊԿ-ն, ինչո՞ւ այդ կազմակերպությունը առնվազն դատապարտող հայտարարությամբ հանդես չի գալիս։ Այս խնդիրը եղել է նախկին իշխանության պայմաններում, այն առկա է նաև այսօր։ Եվ յուրաքանչյուր նման միջադեպ կրկին բնականորեն ակտուալ է դարձնում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։ 

Հարց, որը ոչ նախկին, ոչ ներկայիս իշխանության կողմից երբեք քաղաքական օրակարգում չի հայտնվել ու առնվազն քննարկման առարկա չի դարձել։ Ճիշտ հակառակը՝ այդ հարցը ըստ էության տաբու է Հայաստանի ցանկացած իշխանության համար, ինչը մեր արտաքին քաղաքականության տկարության ու մերկության վկայություններից մեկն է։ Ընդ որում, հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են արձանագրվում բավական հետաքրքիր իրադարձությունների համատեքստում: 

Ռուսաստանի պետդուման օրերս վավարերացրեց ՀԱՊԿ կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որը էականորեն հեշտացնում է այդ կազմակերպությանը դիտորդ անդամների միանալու ընթացակարգը։ Քաղաքական-փորձագիտական շրջանակներում տիրապետող է տեսակետը, որ այդ փոփոխությունների նպատակը Ադրբեջանին, որոշակի զարգացումների դեպքում՝ նաև Թուրքիային ՀԱՊԿ-ի դիտորդ անդամ դարձնելու Ռուսաստանի ցանկությունն է։ Իհարկե, առնվազն այսօր այդ հեռանկարը մշուշոտ է թվում գոնե Հայաստանի՝ վետոյի իրավունքի իրացման հնարավարության պայմաններում, սակայն բոլոր դեպքերում ՀԱՊԿ-ում ու դրա շուրջ նման զարգացումներ առկա են։ 

Եվ այս պայմաններում Ադրբեջանը կրակում է Հայաստանի ուղղությամբ՝ վստահ լինելով, որ անգամ քաղաքական գնահատականի չի արժանանալու այն կազմակերպության կողմից, որը համարվում է Հայաստանի երաշխավորը, և որին դիտորդի կարգավիճակով անդակացմելու հարցը օգտագործելու է Ռուսաստանի հետ քաղաքական առևտրում։ 

Տավուշի մարզում հակառակորդի կողմից հնչած կրակոցին պետք է պատասխանեն ոչ միայն ու ոչ այնքան մեր զինված ուժերը, որքան դիվանագիտությունը, որը սակայն, ի տարբերություն բանակի հեռու է իրադարձություններին համարժեք արձագանքնելու կարողությունից։ 

Հայաստանի դիվանագիտության համար աշխատանքի մեկ այլ ուղղությունն է նաև օրերս
Արցախում տեղի ունեցած մի իրադարձություն։ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հուլիսի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում: 

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկումից անցել է երեք օր, սակայն ԵԱՀԿ-ն տեղի ունեցածի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել։ Հատկապես այն պայմաններում, երբ հայկական կողմը բանակցային գործընթացում պնդում է կամ պետք է պնդի ղարաբաղաադրբեջանական սահմանին մշտադիտարկման մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդների թվի ավելացման՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը, ԵԱՀԿ դիտարկման առաքելությանը առաջապահ դիրքեր դուրս չբերելու Ադրբեջանի քայլը պետք է արժանանա այդ կառույցի առնվազն քաղաքական գնահատականին։ Կրկնում ենք, սա ևս աշխատանք է, որը պետք է ամենօրյա ռեժիմով իրականացնի մեր արտաքին քաղաքականությունը։

Հ. Գ. Տավուշում տեղի ունեցած միջադեպից հետո կապ եմ հաստատել Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ մեր զինծառայողի ստացած վիրավորումը, բարեբախտաբար ծանր չէ և նա անհրաժեշտ բուժօգնություն կստանա տեղի հիվանդանոցում»։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news