2020-ի՝ սահմանադրական բարեփոխումների նպատակով կձևավորենք հատուկ խումբ. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Ռուստամ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նախօրեին, «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում անդրադարձա նաև անցումային արդարադատության գործիքներին, և ի պատասխան այն հարցի, թե «ընդդիմությունն ասում է, որ Կառավարության պատկերացրած վեթինգը չի լինելու» նշեցի.

«Մենք ոչ միայն հստակ գիտենք՝ ի՞նչ ենք ցանկանում, այլև ունենք ռազմավարական փաստաթղթեր, որոնցից, օրինակ, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդեն հանրային քննարկումների փուլում են: Այդ Ռազմավարությունը դրական վերաբերմունքի ու գնահատականի է արժանացել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կողմից:

Անցումային արդարադատության որոշակի տարրերի մասին անդրադարձ կլինի նաև Դատաիրավական ռազմավարության փաստաթղթում, որն առաջիկայում կհրապարակվի:

Մենք պատրաստվում ենք ձևավորել նաև հատուկ խումբ Սահմանադրական բարեփոխումների նպատակով, որը նախատեսում ենք կազմավորել 2020 թվականի փետրվարին: Այսինքն՝ բոլոր աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում:

Ինչ վերաբերում է դատավորների և այլ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման մեխանիզմներին, ապա արդեն պատրաստ է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի փոփոխությունների փաթեթը, որը ներքին քննարկումների և որոշակի շտկումներից հետո այս ամսվա ընթացքում կդրվի հանրային քննարկման»»: