Խոշոր հրդեհ՝ Լեհվազ Վարդանիձոր ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսել են։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լեւատվական ծառայությունից։

Օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին «Արեւիկ» ազգային պարկից տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում կան ծխացող օջախներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ, Մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 10 հրշեջ-փրկարարների եւ «Արեւիկ» ազգային պարկի 10 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 15-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. այրվել է 2 հա բուսածածկույթ, առկա է մոտ 25 ծխացող օջախ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին:

Ժամը 22:30-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. 24 փրկարարների եւ «Արեւիկ» ազգային պարկի 7 աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են.

Հրդեհաշիջման գործընթացին ներգրավվել են Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական ջոկատ եւ Մարզային փրկարարական վարչության երկու հրշեջ-փրկարարական ջոկատ: