Հայ մշակույթի պատրիարքը. շնորհակալ ենք, որ դու կաս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ռուբեն Զարյան

Նվիրվում է ակադեմիկոս Ռուբեն Զարյանի 110-ամյակին:

«Թանկագին Ռուբեն Վարոսովիչ...

Ձեր անսպառ ձիրքն ու անձնվեր, ոգեշունչ հայրենասիրությունն անխզելիորեն միաձույլ են եղել ի սկզբանե` նվիրվելով արարման գործին, Հայաստանի մշակույթն ու արվեստն առաջ մղելու գործին: Դա ձեր մտքի ու սրտի պահանջն է: Ես միշտ զգացել եմ Ձեր հոգու ջերմությունը: Մարդկայնորեն գեղեցիկ եք Դուք, և դրա համար ես սիրում եմ Ձեզ: Ապրե՛ք երկար-երկար: Դուք արժանի եք երջանիկ լինելու: Գրկում եմ Ձեզ»:

Վերիկո Անջափարիձե, ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ստալինյան երեք մրցանակի դափնեկիր

 

Ըստ լոնդոնյան «Who is who» հանրագիտարանի՝ XX-րդ դարի տասը լավագույն դերասանուհիներից

Մարդու ծնունդը ռեգիստրացիոն փաստից ավելին է լինում, երբ կյանքի քայլած ճանապարհում հետքեր է թողնում: Հետքեր որպես անդադար պտուղ տվող ծառեր, չթառամող ծաղիկներ, որոնք իրենց օգուտն ու բույրն են տալիս՝ ժամանակի մեջ տարածվելով: Մեծ են նրանք, ովքեր սյունի պես կանգնած երդիկ են պահում, և ջահը ձեռքներին՝ անդադար լուսավորում:

Ռուբեն Զարյանի կյանքը հուշապատում է, որն իր միջով է անցկացնում մի ամբողջ էպոխա: Զարյանը գիտակցում էր կյանքի իմաստը և ժամանակը իմաստավորում իրենով: Նրա կյանքը առաքելություն էր՝ նվիրված հայ մշակույթի խորքային ինքնաճանաչմանը, պատմության յուրովի վերարտադրությանը, արժանապատիվ ես-ի մեկնությանը: Մշակույթը դեռևս այն միակ ուղղությունն է, որը հային հանում ու պահում է համաշխարհային մակերեսում, և Զարյանը նրա լավագույն պատմիչներից է:

Նրան առաջինը նկատեց Չարենցը: Ու երբ սովետական մամլիչ մեքենան անհայտացրեց մեծ պոետին իր խորխորատներում, 27-ամյա Զարյանը ժառանգի պես հաջորդեց Չարենցին` Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչի պաշտոնում:

1941-1943 թվականներին՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թվականներին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ,1958 թվականին ՀԽՍՀ ԳԱ-ում հիմնադրում է արվեստի ինստիտուտը և ղեկավարում այն մոտ երեք տասնամյակ: Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թվականներին ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարանը (1964 թվական) և հայկական Շեքսպիրագիտության կենտրոնը (1966 թվական)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն էր։

Ռուբեն Զարյանը ճշտությամբ հետևեց սուրբ Խորենացու պատգամին՝ «Ձեռքս գնա դառնա հող, գիրս մնա հիշատակող», և իր կյանքի ողջ ընթացքում զբաղվեց գրողական աշխատանքով, որը չի կարելի միայն քրոնիկոն անվանել այլ նաև հայ մեծերի ու ժամանակի զարյանական պատկերազարդում: Իր գրչից նորովի ու յուրովի են վեր հառնում Աբովյանը, Նար-Դոսը, Չարենցը, Պետրոս Ադամյանն ու Սիրանույշը, Փափազյանն և Հրաչյա Ներսեսյանը, Աճեմյանը, Օլգա Գուլազյանը, Մարտիրոս Սարյանը, Մինասն ու Կալենցը, Հրանտ Մաթևոսյանը, Շիրազը, Դերենիկ Դեմիրճյանը ու մյուսները:

Մատենագիր է Զարյանը ում եռահատոր «Հուշապատումը» և «Մայրամուտից առաջ» քառահատոր ութգրքանին հայ մշակութային իրականության կոթողներն են: Ինչպես ասել է վաստակաշատ ու երախտավոր տնորեն, մանկավարժ Համլետ Քարամյանը՝ «Հայ ժողովուրդը Ռուբեն Զարյանին է պարտական Պարույր Սևակ ունենալու համար», և Սևակը, ով Զարյանին հոգևոր հոր պես էր ընդունում, իր երկար տարիներ արգելված «Անլռելի Զանգակատուն» գրքի մակագրությունը սկսում է «Ռուբեն Զարյանին` մեր Զանգակատունների առաջին ժամհարին, չհատուցված շնորհակալությամբ» խոսքերով:

Հենց Զարյանի խորհրդով Դեմիրճյանն իր ամենահայտնի ստեղծագործությունը անվանեց «Վարդանանք»: Մեծ է Զարյանի վաստակը՝ որպես մանկավարժի: Նա ոչ միայն գիտելիք էր տալիս, այլև մարդ կերտում ու շնորհալիներին նկատում և առաջ տանում: Թաթերագետի ամագն անուրանալի է այնպիսի մեծ դերասանների կյանքում ու գործում, ինչպիսիք են Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը: Վերջինս հենց Զարյանի խորհրդով մեկնեց Մոսկվա ուսումնառության և դրա հիման վրա դարձավ միութենական մակարդակի արտիստ: 

Հատկապես հատկանշական է Խորհրդային Միության առաջին թատերագետ ակադեմիկոս (երկրորդը սովետում եղավ իր սան Լևոն Հախվերդյանը) Զարյանի աշխատանքը՝ որպես արվեստի ինստիտուտի ղեկավար: Տիտանական աշխատանք կատարվեց այդտեղ, ու մշակույթն, արվեստաբանությունը առաջ էր մղվում՝ մի քանի քայլով առաջ անցնելով: Դա մի նավ էր, որն իր նավապետի գլխավորությամբ ճեղքում էր ալիքները և գնում` տանելով քաղաքակրթական հիմքերը հայոց: Հայաստանում Ռուբեն Զարյանի կողմից հիմնադրած  «Շեքսպիրյանը Կենտրոնը» աշխարհում չորրորդն էր, որով շեքսպիրագիտության հայկական ընկալումն ու մեկնությունը մեզ բարձրացրեց միջազգային մակարդակի: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Լուիս Մարդերը նրա մասին հոդվածը սկսում է. «Առաջնակարգ շեքսպիրագետներից մեկը» վերնագրով:

Որպես մարդ՝ Ռուբեն Զարյանը առաքինությունների խտացում էր՝ խարսխված բարեկրթության վրա: Ամուսին, հայր, աներ ու պապ Զարյանը լույսի պես է մնացել հիշողության մեջ` անձնուրաց հոգատար և միմիայն սեր տվող, տեսքով՝ Լիր արքա, կենսակերպով՝ ծառայող թագավոր: Նա մի տեսակ էր, որը նկարագրության մեջ անկրկնելի, անհամեմատելի է, անհանգիստ ու ծանրախոհ գործում, միշտ սիրող և խաղաղ առօրյայում, ապրած կյանքով` անգերազանց և անմահ:

Խոսքս ավարտում եմ.

«Եվ շնորհավորելով ոսկեգրիչ բարեկամիս հիսուն տարիները՝ մխիթարվում եմ մտածելով, թե նման մարդկանց կյանքը չի չափվում ժամանակի թավալումով, այլ նրանց գործերի թվով: Որովհետև ստեղծագործողի տարիներն աշուններ չունեն, և ծիծղուն գարունների մի ամբողջ շարան են մեր քննադատի ամբողջ ճանապարհին, և կուզենայի, որ նա չտեսներ հանգրվանն այդ գարունների, չմտատանջվեր նրանով, ինչպես ինքս չեմ մտածել այդ մասին իմ օրերի ընթացքին, ու ինքնախաբ համոզմամբ գնում եմ իմ ճանապարհով՝ ջնջելով որևէ հավանական հանգրվանի գաղափարն անգամ հիշողությանս տախտակներից»:

Վահրամ Փափազյան

Շնորհակալ ենք, որ Դու կաս»:

 

Ռուբեն Վարդանյան

պատմաբան 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news