Աննախադեպ մասշտաբով զորավարժություն է անցկացվելու, նաև՝ պահեստազորի զորակոչ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Նախատեսվում է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կազմակերպել և իրականացնել աննախադեպ ծավալի զորավարժություն․ այս մասին՝ սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում ՊՆ Դավիթ Տոնոյանի հետ ճշտելով, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքացիներն այս օրերին, ըստ ամենայնի, կտեսնեն-կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ, և նրանք, որ օրենքով սահմանված պարտականություն ունեն, պիտի ներգրավվեն։ Կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացներին, քանի որ սա շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է։ Սա պլանային աննախադեպ միջոցառում է»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Նախատեսվում է կազմակերպել և իրականացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ընդգրկմամբ ռազմավարական զորավարժություններ, ընդ որում՝ ուսումնամարզական հավաք-պարապմունքների միջոցով, որոնց նպատակն է որոշել նշված մարմինների պատրաստությունը և ունակությունը պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման ապահովման գործընթացում։ Պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով նաև հայտարարվելու է պահեստազորայինների և տրամսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն»,- հաղորդեց ՊՆ Դավիթ Տոնոյանը։ 

Նա հավելեց, որ որ մարտական ուսումնական հավաքների մասնակիցների ընդամենը 6 տոկոսն է, որ ընդգրկվելու է 3-5 օրով, մյուսները միայն ներկայանալու են հավաքակայաններ 1 օրով։ «Սննդի կազմակերպման, տեղափոխման՝ բոլոր խնդիրները լուծված են։ Ուղղակի պետք է, որ գիտակցաբար վերաբերեն այդ հարցին մանավանդ հանրային ոլորտի աշխատողները»,- ասաց Տոնոյանը։ 
Վարչապետը հորդորեց ֆորմալ վերաբերմունք չցուցաբերել։ «Ֆորմալիզմը պետք է բացառել․ իհարկե, չափից ավելի լրջացնել էլ պետք չի, պետք է պատշաճ վերաբերմունք լինի»,- ասաց նա։