Շենքի տեսախցիկները ֆիքսել են, որ տանն եմ եղել ու չեմ մասնակել միջադեպին. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

տրդատ սարգսյան

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում զինվորականին ծեծելու միջադեպին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը` մանրամասնելով, թե որտեղ է եղել դեպքի ժամանակ:

«Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը եւ բարձրանում տուն»,-ասաց նա:

Տրդատ Սարգսյանն ասաց, որ իր տեղեկություններով վիճաբանության պատճառն այն է եղել, որ իր օգնականը բակում հանդիպել է հայհոյախառն զրուցող սպաների եւ, հավանաբար, փորձել է հանգստացնել:

Մարզպետն ինքն էլ չի կարող մեկնաբանել, թե ինչպես է իր օգնականը միայնակ նման ծանր վնասվածք հասցրել փոխգնդապետին:

Տրդատ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ միջադեպի բոլոր մեղավորները կպարզվեն եւ պատասխանատվության կենթարկվեն, անկախ նրանից, թե ովքեր են:

Մարզպետն ասաց, որ իր տեղեկություններով իր դեմ ցուցմունք են տվել` ասելով, որ ինքն էլ  է մասնակցել միջադեպին. «Ցուցմունքներ են տվել, որ ես այնտեղ եմ եղել, պետք է պարզել, թե ում հրահանգով է նման ցուցմունք եղել եւ էդ նույն հրաման տվողը նույնպես պետք է պատասխան տա: Կարծում եմ` փորձում են որեւէ կերպ ինձ ներգրավվեն, որպեսզի գործին հնչեղություն տան եւ չեմ կարող ասել` թե ինչ նպատակ ունեն»:

Մարզպետը չկարողացավ նշել, թե ով կարող էր նման հրահանգ տալ: Նա նշեց, որ գործի շրջանակներում հարցաքննվել է, ցուցմունք է տվել եւ միջնորդություն է ներկայացրել, որ իրենց բակի տեսախցիկները ստուգվեն: