«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց մարզպետների մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

ԱԺ-ն  88 կողմ, 18 դեմ ձայներով ընդունեց մարզպետների լիազորությունների հստակեցման, նրանց նշանակման և ազատման կարգի սահմանման մասին օրենքը։ Դեմ քվեարկած պատգամավորները «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են։

Նախագծի համաձայն՝ մարզպետների վրա տարածվելու են նույն չափանիշները, ինչ կառավարության անդամի վրա՝ նշանակումից առաջ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելը, վերջին 4 տարում Հայաստանում բնակվելը։ Նշանակվելուց առաջ մարզպետի թեկնածուները պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որ տիրապետում են հայերենին։ Այս փաստաթուղթը պետք է կցվի համապատասխանությունը մյուս չափանիշներին հաստատող փաստաթղթային փաթեթին։

Նախագծով կհստակեցվի նաև մարզպետների ազատման կարգը։ 

Մարզպետն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, եթե

  • հրաժարական է ներկայացրել,
  • դադարեցվել է նրա ՀՀ քաղաքացիությունը, կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն,
  • խախտվել են պաշտոնի անհամատեղելիության պահանջները,
  • նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության անդամի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող՝ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված հիվանդություն,
  • Կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը:

Մարզպետի պաշտոնը թափուր է համարվում այն դեպքերում, երբ

  • մարզպետը մահացել է,
  • մարզպետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ,
  • մարզպետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: