Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասարյանին վերագրվող տեսանյութը․ Աշոտ Ահարոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

«Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ 

«Տեսանյութին ոստիկանությունը ծանոթ է, դեռ ուսումնասիրություններ են կատարվում, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք, որ Analitik.am-ը լուր էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:
Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր լրատվականի տեղեկությունները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակել է մի տեսանյութ, ըստ որի՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է մի ստախոս կնոջ կողմից: Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ միասին գնացել է ԲԿ: 

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը: