Արմենիա ԲԿ-ի բժիշկը պարզաբանեց Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գնացել է  և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

«Դեպքը չի համարվել անհրաժեշտ՝ ոստիկանական կանչ գրանցելու համար։ Երեխան կոտրվածք չի ունեցել, զննման պահին որևէ խնդիր չի եղել, միգուցե խնդիրները հետագայում են զարգացել։ Ռենտգենի արդյունքներով՝ կոտրվածք կամ ոսկրաբանական որևէ պաթոլոգիա չի եղել, տուժողի և նրա մոր խոսքերով, երեխան ոտքը քարին էր խփել, մայրն իր բառերով գրել և ստորագրել է, որ երեխան ինքնուրույն է ստացել վնասվածքը», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի բժիշկ Արսեն Գևորգյանը։  

Բժիշկ Արսեն Գևորգյանի խոսքով՝ երեխայի մոտ ենթադրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, որի համար խորհուրդներ են տրվել, ոտքն անշարժացվել է ժամանակավորապես, որպեսզի հետագայում դիմեն մանկական պրոֆիլով հիվանդանոց։

Ըստ Արսեն Գևորգյանի՝ երեխայի մոր կողմից որևէ տեղեկություն չի տրվել, որ երեխան վրաերթի է ենթարկվել։ Բժիշկը նշեց, որ այդ օրը Դավիթ Սանասարյանը եղել է հիվանդանոցում, սակայն նրա հետ ընդհանրապես կոնտակտ չի ունեցել։

«Դավիթ Սանասարյանի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ ինֆորմացիա կոծկելու համար, մինչև այս դեպքը չեմ ճանաչել Սանասարյանին և դեպքից հետո էլ ոչ մի կապ չի ունեցել նրա հետ։ Օրինակ, եթե երեխայի ընտանիքի կողմից նշվեր, որ վրաերթի պատճառով է երեխան վնասվածք ստացել, կոտրվածք լիներ, թե չլիներ, ԲԿ-ն կդիմեր ոստիկանություն», - նշեց բժիշկը։
Ավելի ուշ, Դավիթ Սանասարյանը հերքել էր մամուլի հրապարակումները, ինչից հետո Analitik.am-ը հրապարակել է մի տեսանյութ, ըստ որի՝ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի:

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է մի ստախոս կնոջ կողմից: Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ միասին գնացել է ԲԿ:

Այնուհետև, Դավիթ Սանասարյանը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Նա տեսանյութում ցույց տվեց այն կամարանցումը, որտեղ, ըստ Սանասարյանի, երեխան քարից թռիչք էր կատարել իր մեքենայի վրա։

«Միանգամից կանգնեցրել եմ մեքենան, մոտեցել եմ երեխային աջակցություն եմ ցուցաբերել այլ մարդկանց հետ միասին, շտապ օգնություն էի ցանկանում կանչել, բայց երեխան ձեռքս բռնեց և լացելով խնդրեց, որ չկանչեմ։ Զանգահարել եմ մորը և վստահեցրել, որ ամեն ինչ կարգին է երեխայի հետ», - նշել է Սանասարյանը այնուհետև հավելել՝ «Մի փորձեք երեխայի անունը օգտագործելով ինձ վրա կեղտ բռնել, չի ստացվելու, ես մեղավորություն չունեմ»։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից 24News-ին տեղեկացրել էին, որ հրապարակված տեսանյութն ուսումնասիրվում է և արդյունքների դեպքում կտրվեն լրացուցիչ տեղեկություններ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news