Անհրաժեշտ է համապատասխան քաղաքական բևեռի ձևավորում Արցախում․Սասնա Ծռերի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

սասնա ծռեր

Արցախի մարզում գտնվող Ամարաս վանական համալիրի տարածքում տեղի է ունեցել «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար կազմի ներկայացուցիչների արտագնա խորհրդակցությունը։  

«Քննարկելով Միացում գործընթացի հետ կապված խնդիրները, որոշվել են դրա արդյունավետության էական մեծացման մոտեցումներն ու գործիքարանը։ Ի գիտություն է ընդունվել խորհրդակցությանը ներկայացված սցենարային մոտեցումները, որոնք հավանական են Արցախում քաղաքական կերպափոխման և Միացումն ամբողջացնելու համար։ Եվս մեկ անգամ հաստատվել է, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք բացառվում է Արցախում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և, առավել ևս, Միացման ամբողջացումը։ Ուստի անհրաժեշտ է համարվել մինչ ընտրությունները վերկուսակցական սկզբունքով ապահովել Միացման նպատակին հետամուտ ուժերի և անհատների համախմբում և համապատասխան քաղաքական բևեռի ձևավորում, որը պետք մշակի Արցախում գործող ռեժիմի հեռացման և Միացման օրակարգով ժողովրդին ոտքի հանելու, ինչպես նաև հետագայում անցումային կառավարումը, արտահերթ ընտրությունները և Միացումը կազմակերպելու Ճանապարհային քարտեզ և ձեռնամուխ լինի դրա իրականացմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև նշված նպատակների իրագործման կազմակերպչական խնդիրներ և ընդունվել են համապատասխան որոշումներ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։