Կանխվել է արգելված իրերի մուտքը ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

ՔԿՀ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ս. Դ.-ն ցանկացել է օգտվել հիվանդանոցի զուգարանից: Հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ լվացարանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային 1 փաթեթ, որում եղել է թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 0.4 գր քաշով, 2 բաժին սպիտակ, փոշենման զանգված:

Վերոնշյալ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին: Հայտնաբերվածի բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախորդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկության ենթարկելով ցմահ ազատազրկման դատապարտված Վ. Ն.-ին տեսակցության եկած մորը, որդու համար նախատեսված հողաթափի միջից հայտնաբերել են 40.000 ՀՀ դրամ և բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, իսկ գուլպայի միջից՝ հեռախոս:

ՔԿՀ

Ըստ քաղաքացուհու բանավոր հայտարարության՝ վերոնշյալ արգելված իրերը ցանկացել է փոխանցել որդուն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: