WhatsApp-ի հարկն այրեց Լիբանանը. երկրում հարյուր հազարանոց ցույցեր են

ԵՐԵՒԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Aleqsan Keoshkerian

Մի քանի օր է, որ ինչ Լիբանանում տեղի են ունենում քաղաքացիական բախումներ, որոնք հիմնականում պայմանավորված են  երկրի ծանր տնտեսական իրավիճակի հետ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ անկարգությունների հետևանքով երկու մարդ է զոհվել։ 24News-ը Լիբանանի ներքին իրավիճակի, տեղի հայ համայնքի անվտանգության մասին զրուցեց Սոցիալ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քեոշքերյանի հետ։ 

-Պարոն Քեոշքերյան, ի՞նչն է պատճառը, որ Լիբանանում սկսվեցին զանգվածային անկարգություններ։ 

-Իրականում, այս ամենը հետևանք է երկար տարիների կուտակված խնդիրների։ Լիբանանի կառավարությունը 110 մլրդ դոլարից ավել պարտք ունի, երկրի բյուջեն երկար տարիներ չի հավասարակշռվում,որի հետևանքով երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է։ Ճգնաժամից դուրս գալու համար կառավարությունը 2020 թ-ի բյուջեում տուրքեր և հարկեր ավելացրեց։ Եվ ամենահետաքրքիրը՝ WhatsApp-ի ամեն առաջին հաղորդագրության վրա 20 սենթ հարկ ուզեց սահմանել։ Օրենքով, կառավարությունը նման նախաձեռնության իրավունք չունի, սակայն այս 20 սենթը կայծ դարձավ, որ այս ցույցերի ալիքը սկսվի։ Իրականում, սա դրդապատճառ էր, ժամանակի ընթացքում բողոքի ցույցերը լայնածավալ դարձան, որովհետև կա անվստահություն Լիբանանի քաղաքացիների և պետության միջև։ Այս ամենի հետևանքով էլ երեք օր առաջ սկսեցին լայնածավալ ցույցեր, որի ընթացքում տեղի ունեցան բախումներ, ունեցանք զոհ։ Ցույցերն ամբողջ Լիբանանի տարածքով են։ Հիմնականում կենտրոնացված են Բեյրութում և մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, սակայն երկիրն իրար կապող բոլոր մայրուղիներում անգամ հեռավոր գյուղերում բողոքի ակցիաներ են ընթանում։ Եթե այսպես ընդհանուր գումարային հաշիվ անենք, կարող եմ ասել իմ անձնական կարծիքով, որ մեկ օրվա մեջ շուրջ կես միլիոն մարդ է մասնակցել։ 

(Բեյրութի Նոր Հաճըն թաղամաս)

Լիբանան Նոր Հաճն
-Իսկ ո՞վ է ղեկավարում այս շարժումը։ 

-Շարժումը մեծամասամբ ինքնաբուխ է։ Կուսակցությունները կամ քաղաքական ուժերը չեն, որ կազմակերպում են այս ցույցերը։ Սա է պատճառը, որ հավանաբար տեղ-տեղ բախումներ են լինում իրավապահների հետ։ Սակայն, եթե նայենք Լիբանանի ընդհանուր քաղաքական պատկերին, կարելի է ասել, որ քողարկված ձևով՝ առանց բացահայտվելու,  այս շարժմանն աջակցում են «Լիբանանյան ուժեր», Լիբանանի սոցիալիստական, Լիբանանի սոցիալիստական առաջադիմական կուսակցություններն ու իրենց դաշնակիցները։ Սակայն, արդար լինելու համար պետք է ասել, որ սա ինքնաբուխ շարժում է, որին մասնակցում են երկրի բոլոր կրոնական ու ազգային համայնքները՝ շիա, սուննի, քրիստոնյա, դյուրզու…

(Բեյրութ, հակակառավարական ցույցեր)

Բեյրութ
-Ի՞նչ իրավիճակ է տիրում Լիբանանի այն շրջաններում, որտեղ ավելի շատ թվով հայեր են ապրում։ 

-Հայկական շրջաններում իրավիճակն ավելի զսպված է, բայց սա չի նշանակում, որ հայերը չեն տուժում երկրի քաղաքական իրավիճակից։ Երեկ տեղի ունեցավ բողոքի ցույց Բեյրութի Նոր Հաճըն և Խալիլ Բադաուի թաղամասերով անցնող Արմենիա պողոտայում, որտեղ հայ երիտասարդները ճանապարհները փակեցին ու իրենց բողոքն արտահայտեցին ։Այստեղ պետք է նշեմ, որ այդ թաղամասերում ավելի ՍԴՀԿ համակիրներն են։ Մյուս հայահոծ շրջանում՝ Պուրճ Համմուտում ավելի խաղաղ էր՝ չնայած մուտքերն ու ելքերը փակ էին։ Մեր շրջաններում բախումներ չկան, հայերը տեր են իրենց կառույցներին։ Երիտասարդները փողոցներում հսկում են, մտահոգվելու բան չկա։ Պատկերը ողբերգական չէ, բախումները սահմանափակ են և հիմնականում կենտրոնացված են  Բեյրութի կառավարական շենքերի մոտ։ Կրկնում եմ, հիմնական խնդիրը տնտեսական հարցն է, նոր հարկեր ավելացնելու գաղափարը։ Եթե դրանք անցնեին՝ մեծ վնաս պետք է կրեր աշխատավոր և միջին դասակարգը։ Բացի այդ, վերջին Լիբանանի քաղաքացիական պատերազմից անցել է 30 տարի, բայց կան տարրական չլուծված հարցեր։ Բնակչությունը շուրջօրյա էլեկտրականություն և ջրամատակարարում չունի, աղբահանության վիճակը շատ ծանր է։ Աղբակույտեր կան, որ հասնում են չորս հարկանի շենքի բարձրությանը։ Հարցը շատ բազմազան է, և վերջիվերջո պայթեց։ Ժողովուրդի պահանջը սոցիալական է, իրենց չի հետաքրքում, թե Լիբանանի արտաքին քաղաքականությունն ինչպիսին է, իրենց հետաքրքրում է իրենց օրապահիկն ու ահագնացող արտագաղթը։ Այսօր երրորդ օրն է, ինչ Լիբանանը անդամալույծ վիճակում է, գլխավոր մայրուղիները փակ են։ Կառավարությունը, նախագահն ու խորհրդարանը ոչինչ չեն խոսում։ Երեկ միայն գործող վարչապետը կարճ խոսեց՝ խնդրելով ժողովրդից համբերություն։ Ինքն իր կառավարությանը 72  ժամ տվեց՝ հարցը լուծելու համար։ Կառավարություն կազմող ուժերն իրենք իրենց մեջ հարցեր ունեն։ Եթե խնդիրը չլուծվի, ենթադրում եմ, որ վարչապետը հրաժարական կտա, իսկ դրանից հետո ինչ կլինի՝ ոչ ոք չգիտի։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news