Լոռու մարզի Հալավար և Քիլիսա գյուղերի սարերում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

հրդեհ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 07։10-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 17 փրկարար ծառայող:

Հրդեհը մարվել է ժամը 16:31-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լեռնապատ գյուղի մոտակայքում բռնկված հրդեհն ուժգնացել է:

Պարզվել է, որ հրդեհը շարունակվում է դեռևս նախորդ օրվանից: Հրդեհի օջախը գտնվում է Հալավար և Քիլիսա գյուղերի սարերում՝ անմատչելի վայրում. տարածման վտանգ չկա:

Ժամը 20:00-ին Գուգարքի անտառտնտեսության տնօրենը տեղեկացրել է, որ առաջացել է հրդեհի տարածման վտանգ դեպի անտառ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 5 փրկարար, սակայն մթության և տեղանքի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հասնել հրդեհի վայր:

Հոկտեմբերի 18-ին, ժամը 07:30-ին կապ է հաստատվել Լեռնապատ գյուղի գյուղապետի հետ, ով տեղեկացրել է, որ դեռ նկատում են հրդեհի օջախներ: 

Ժամը 10:15-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի մասնաճյուղի տնօրենից տեղեկություն է ստացվել, որ Հալավար գյուղի մոտակայքում գտնվող հրդեհը տարածվում է դեպի մոտակա անտառ. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու և հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ օպերատիվ խմբեր, հրշեջ-փրկարարական ջոկատից 36 փրկարար («ՈՒՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենայով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:48-ին: Նախնական տվյալներով այրվում է մոտ 400 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Հայանտառ ՊՈԱԿ-ից 10 աշխատակից և Հալավար գյուղից՝ 5 քաղաքացի:

Ժամը 20:00-ին մթության և տեղանքի անմատչելիության պատճառով աշխատանքները դադարեցվել էին: