Մոսկովայի դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

.

Մոսկվայի մարզային դատարանը դատավճիռ է կայացրել հայ գործարար Արմեն Հակոբյանի սպանության գործով: Այս մասին գրում է Rusarminfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձեռնարկատիրոջ սպանությունը կատարել են 48-ամյա Վահրամ Մարդոյանը և վարորդ Սերգեյ Տիխոնովը:

Մարդոյանին դատապարտել են 17 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ Տիխոնովին՝ 8: Գործով անցնող ևս երկու մեղադրյալների՝ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության ոստիկանական հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) դիպուկահար Դենիս Կրասիկովին և ՆԳՆ 4-րդ վարչության աշխատակից Պավել Շեվնյուկին, որոնք առևանգել էին Հակոբյանին, դատարանն ավելի վաղ դատապարտել էր համապատասխանաբար 5 տարի, 3 ամիս և 5.5 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Որոշ տվյալներով՝ Արմեն Հակոբյանի սպանության պատվիրատուն թաքնվում է Հայաստանում:

Տեղեկացնենք, որ Հակոբյանին առևանգել էին 2015-ի մարտի 20-ին Մերձմոսկվայում: Նրա մարմինը դանակից ստացված և հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր նույն օրը: Սպանության շարժառիթը, ըստ գործարարի հարազատների, բիզնեսը նրանից խլելու ցանկությունն է եղել: