Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

ԵՐԵՒԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Նաիրի Հունանյան

«Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Ըստ վերջինիս՝ Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ, այն ընթացքի մեջ է։ 

«87 օրվա ընթացքում է զեկույցը քննարկվում, ինչից հետո զեկույցի հիման վրա տրվում է բացասական կամ դրական պատասխան», - նշել է Նավիկյանը՝ հավելելով, որ «քանի որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է, 20 տարուց հետո ցմահ դատապարտյալները իրավունք ունեն դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար»։ 

«Չեմ կարող ասել, թե գործընթացն ինչքան կարող է տևել, որովհետև ամեն դատապարտյալի դեպքում ժամկետները տարբեր են լինում», - եզրափակել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը։ 

Ահաբեկիչ Նաիրի Հունանյանը «Հոկտեմբերի 27-ի» պետական ահաբեկչությունը իրականացրած խմբի ղեկավարն է։ Այս տարի լրանում է ընդդեմ պետության իրականացրած ոճրագործության 20-րդ տարելիցը։