Unibank

Unibank Mobile

Ցուցարարները մետրոյի ժետոն տվեցին Փաշինյանին, որ փոխանցի ԿԳՄՍ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ-ում պետք է մասնակցեր երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Նախարարական շենք մտնելիս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՅԴ երիտասարդների և ԵՊՀ ուսանողների հետ, որոնք դեռ երեկվանից նստացույց են անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

«Ձեր պահանջներից ոչ մեկը չեմ կիսում»,-ցուցարարներին հանդիպելիս ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ցուցարարներից մեկը, սակայն, վարչապետին խնդրել է նրան փոխանցել մետրոյի ժետոն, որպեսզի Արայիկ Հարությունյանն այսօր մետրոյով երթևեկի, և տեսնի՝ ի՞նչ են խոսում մարդիկ իր մասին։

«Մենք ասում ենք, որ նախարարը տապալում է կրթության ոլորտը․․․», -ասել են ցուցարարները։

Վարչապետը հակադարձել է․ «Ինչո՞ւ, որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի, չէ՞։ Արայիկ Հարությունյանը չի իրականացնում կրթական քաղաքականությունը, դա կառավարությունն է իրականացնում․․․ Մեր կառավարությունից ավելի ազգային կառավարություն չի եղել»։

Ցուցարարը բողոքել է, թե Արայիկ Հարությունյանը խուսափում է լսել իր ընդդիմախոսներին, վարչապետն ասել է, որ եթե այդպիսի խնդիր կա, ապա այսօր կլուծվի։

Երկխոսության ժամանակ խոսք է բացվել նաև հանրահայտ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմից, որը նկարահանվելու է կառավարության ֆինանսավորմամբ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսքը աշխարհի չեմպիոնի մասին է։ Ցուցարարների հակաարձմանը, թե ֆիլմը սեռափոխության մասին է, և որ այդ մարդը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ շատերն են հրաժարվել, իսկ ֆիլմը սեռափոխության մասին չէ, այլ չեմպիոնի։

Զրույցի ավարտին վարչապետ Փաշինյանն իր հետ է վերցրել ժետոնը և ասել, որ այն կպահի որպես հիշատակ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս