ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները երկու փաստաթուղթ են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

.

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման արդյունքներով Քննչական կոմիտեների նախագահները ստորագրել են  համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ ՔԿ-ների միջև միջգերատեսչական փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ:

Աշխատանքային այցի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այցելել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կենտրոնական թանգարան, որտեղ երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են  արձանագրություն՝ երկու պետությունների քննչական կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խմբեր կազմելու վերաբերյալ:

Այցի ընթացքում ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին: