Ոստիկանությունը հայտնաբերել է փախցրած «Մերսեդես»-ով վթարի ենթարկված տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում  հայտնաբերվել է նոյեմբերի 15-ին փախցրած «Մերսեդես»-ով վթարի ենթարկված տղամարդը. նա ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Շենգավիթի բաժնում մեքենայի առևանգման վերաբերյալ հաղորդում ընդունվեց։ Մի տղամարդ, օգտվելով այն հանգամանքից, որ «Մերսեդեսի» վարորդը մի պահ իջել է մեքենայից, փախցրել էր այն։

Հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել «Մերսեդեսը» փախցրած անձի ինքնությունը պարզելու, նրան ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Շուտով պարզվեց, որ Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում «Մերսեդեսը» վթարվել է։ Պարզվեց նաև այն փախցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդը, որը վթարի ենթարկվելուց հետո հեռացել էր դեպքի վայրից, տարված բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։