Վանեցյանն ասաց ավելին, քան պետք էր, Փաշինյանն ուզի՝ այդ հիմքի վրա կդատի նրան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

«Նիկոլ Փաշինյանը պետք է ասի՝ ինչո՞ւ Արթուր Վանեցյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն ու հանեց՝ զրո բացատրությամբ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ 

«Վանեցյանը երկրի ու ժամանակի հերոսն էր, ո՞վ էինք մենք։ Միանգամից հանում է՝ առանց պատճառն ասելու։ Եթե այդքան վատն էր, ինչո՞ւ էիր երկու ամիս առաջ գեներալի կոչում տվել։ Եթե գեներալ ես տվել, երկու ամիս հետո հանել, պետք է բացատրես՝ ինչո՞ւ։ Փաշինյանը չի բացատրում, բացատրողների պակաս չի լինի։ Վանեցյանն ինքը կբացատրի, չնայած՝ դրա իրավուքը չունի»,- ասել է Սարգսյանը։

Խոսելով Վանեցյանի՝ նախօրեին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հարցերն անպատասխան թողնելու մասին՝ «Հանրապետության» առաջնորդը նկատել է․  
«Այդ հարցերին, որոնց նա ասել է՝ չի պատասխանում, իրավունք էլ չունի պատասխանելու։ Նա առաջին աստիճանի գաղտնիության թուղթ է ստորագրել,  ո՞նց  էր պատասխանելու։ Դեռ մի բան էլ ավելին է ասել։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզի, կարող է այդ հարցազրույցի հիմքի վրա Վանեցյանին դատել։ էն որ հարցնում է՝ ինչի՞ համար, հենց այդ հարցազրույցի»,- նկատել է նա։

Հիշեցնենք, որ 168․am լրատվական կայքին տված հարցարույցում ԱԱԾ նախկին տնօրենը հարցերին, թե՝ իր պաշտոնավարման օրոք եղե՞լ է Սերժ Սարգսյանին ձերբակալելու հրահանգ, ինչո՞ւ են Սորոսի հիմնադրամները վտանգավոր, հեղափոխականների՞ն, թե հակահեղափոխականներին են նրանք աջակցում, Հայաստանի անվտանգությունը, Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ են, թե ոչ, մեկ պատասխան է տվել․

«Չեմ պատասխանում։ Ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ՝ ինչ է կատարվում մեր երկրում այսօր, ինչ է կատարվել և ինչ է լինելու»։ 

Սարգսյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հնչեցրած «․․․ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը, և փորձել են պահել դա» մտքին, ասել է, որ պետք չէ բոլոր նախագահներին մեկ հարթության վրա դնել:
Սերժ Սարգսյանն, օրինակ, ըստ Արամ Սարգսյանի, մեկ լավ բան արել է՝ ոչ է ասել «Լավրովյան պլանին», որի համար գին է վճարել՝ հեռանալով իշխանությունից։  

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։