Աշոտ Ղուլյանը մասնակցել է Արցախի Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աշոտ Ղուլյան

Դեկտեմբերի 9-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է Սահմանադրության օրվան նվիրված գիտական սեմինար, որին մասնակցել և ելույթ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշոտ Ղուլյանը նախ շնորհավորել է Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ, այնուհետև խոսել դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող միջոցառումների խորհրդի մասին:

ԱԺ նախագահը ներկայացրել է Սահմանադրության՝ որպես երկրի Հիմնական օրենքի գործառույթներն ու ընդգծել նրա դերը պետական կառավարման համակարգի կատարելագործման, երկրի ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության մարտահրավերներին արձագանքելու, ժողովրդավարական գործընթացների զարգացման և մարդու իրավունքների ու ազատությունների իրականացման երաշխավորման գործում:

«Սահմանադրությունը յուրահատուկ համաձայնագիր է քաղաքացիների միջև, որը սահմանում է պետության և քաղաքացու փոխհարաբերությունները»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Գիտական սեմինարին ելույթ են ունեցել ԱրՊՀ Իրավագիտության ամբիոնի վարիչ Ռիտա Առուստամյանը և դասախոս Արմինե Դանիելյանը: Սեմինարին մասնակցել են նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ Վիտյա Յարամիշյանը, Վալերի Ավանեսյանը, Գեորգի Սահակյանը, դասախոսներ և ուսանողներ: