Խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը. «Սասնա Ծռերի» հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ամուլսար

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն Ամուլսարի հանքի հարցով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խափանելու են Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը: Կուսակցության հայտարարությունը՝ ստորև․

«Դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։

Հանդիպման ընթացքում ՀՀ կառավարությանը ներկայացնող պաշտոնյաներն առաջարկել են բացել Ամուլսարի մուտքերը և թույլ տալ, որ Լիդիան ընկերությունը ձմեռացման աշխատանք կատարի։

ՀՀ կառավարության այս քայլը թերևս կարևոր պատճառ ունի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ Լիդիան ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։

Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են, սակայն, նկատի ունենալով, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։

Համոզված ենք, որ հանրային քննարկման մասնակիցները միահամուռ կերպով դեմ կլինեն Ամուլսարի մուտքերը բացելուն։

Եվ, այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը և այդ նպատակով փորձում է տարբեր հնարքներով փրկել շրջանառվող լուրերի համաձայն սնանկացման եզրին գտնվող Լիդիան ընկերությանը։

Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից և քայլերից, հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։ Ամուլսարը սար է մնալու»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս