Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ․ Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Վանեցյան

 

Տպագիր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանն անդրադարձել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին։

«Ռոբերտ Քոչարյանի գործը չէի կոչի՝ Ռոբերտ Քոչարյանի գործ,  «Մարտի 1»-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց «Մարտի 1»-ի գործ ասելիս՝ հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 մարդու սպանության բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում՝ այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 սպանվածի+ բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ այս հայտարարությունից հետո ես գիտեմ՝ լինելու են շատ տարբեր մեկնաբանություններ, բայց ես ուզում եմ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի: Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որը դեմ է «Մարտի 1»-ի գործի բացահայտմանը»,- մեջբերում է 168.am-ը: