ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կեսից ավելին բացակայել է․ հրավիրված նիստը չի կայացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նիստ

ԵՊՀ լրատվական ծառայությունը հայտնում է, որ հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել քվորում չլինելու պատճառով։ 

Նստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված: