ՀՀ-ն երկարացնում է հայ-իրանական սահմանափակումները․ վիզային ռեժիմը ժամանակավոր կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

վարչապետ

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

«Կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի։ Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում, և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի ժողովրդին և կառավարությանը»,-ասել է վարչապետը։

Աշխատանքային խմբի կոչն է հայրենակիցներին հնարավորինս սահմանափակել ուղևորություններն Իտալիայի, Թուրքիայի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ կառավարությունը բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկում է, բայց այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունը վարչապետի խոսքով այն է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ամենահուսալի միջոցը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է.

«Կոչ եմ անում հետևել ԱՆ-ի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, կրկնակի և եռակի զգոնությամբ պահպանել անձնական հիգիենայի կանոնները։

Նրանց մոտ, ում մոտ կան որոշակի ախտանշաններ, կոչ եմ անում ինքնաբուժմամբ չզբաղվել և դիմել առողջապահական հիմնարկների»,-ասել է վարչապետը, ապա պատասխանել նաև այն հարցին, թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունները չեն փակում։

«Հնարավոր չէ բոլոր ուղղություններով հաղորդակցությունը փակել, քանի որ դա նշանակում է 100 տոկոսով։ Այս պահին մենք գնահատում ենք ռիսկային ուղղությունները, և առավել ինտենսիվ աշխատանք կատարում ենք ամենառիսկային ուղղությունների մասով, ինչը չի նշանակում, որ չկան այլ ռիսկային ուղղություններ։ Ցավոք կորոնավիրուսը գործնականում տարածված է ամենուր և ժամանակակից աշխարհում։ Ոչ թե պետք է ասենք, որ սրանով երաշխավորում ենք հետագա տարածումը, այլ պրոցեսը դարձնում ենք հնարավորինս կառավարելի»,-նշել է վարչապետը։